‘Հոկտեմբերի 27-ին Արարատում ՀՀԿ համերգը կանխվել է վերջին րոպեներին’

2039

Արարատի քաղաքապետի հանրապետական թեկնածուի շտաբը շարունակում է զարմացնել իր նյու-հաուներով։ Առաջինն ու ամենասպանիչը հոկտեմբերի 27-ին Արարատ քաղաքում համերգ կազմակերպելու իդեան էր։ Ու եթե մամուլի մի քանի միջոց չահազանգեր, որ հոկտեմբերի  27-ին, այն էլ՝ Արարատում, համերգ կազմակերպելը սրբապղծություն է, ՀՀԿ-ական թեկնածուն այդ օրը «տուշ» էր կազմակերպելու։  Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուի շտաբի պատասխանատուները «ռազբոր» են սկսել՝ պարզելու, թե ո՞վ իրենց հուշեց  հոկտեմբերի 27-ին համերգ նախաձեռնել, եւ  ինչո՞ւ իրենց չէին հիշեցրել, թե 27-ը ինչ օր է։ Ինչեւէ, վերջին պահին համերգ-սկանդալից բարեհաջող պլստալուց հետո, ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավին այժմ էլ ակտիվորեն կցվել է ոչ անհայտ «Շմայսը», որի եղբայրը, հիշեցնենք, քանիցս հարցաքննվել է  հոկտեմբերի 27-ի գործով։ Ահա արդեն քանի օր է` ՀՀԿ-ի ընտրական բրիգադի հատուկ ջոկատայինները  տասնյակ ջիպերով կատաղի շրջայցեր են կատարում   Արարատ քաղաքում։ Ու հասարակական կարգի աննկուն պաշտպան հայրենի ոստիկանությունը, թեկուզ քաղաքավարությունից ելնելով, չի հարցնում, թե ինչո՞ւ է ՀՀԿ հրոսակը կատաղի վարգում  քաղաքի փոցողներով։ ՀՀԿ ընտրական աստղաբույլը երեւի որոշել է, որ իրենց «ջիպ-ակցիան» լուրջ ընտրական գործոն է, եւ արարատցիները, տեսնելով  ՀՀԿ-ի սուրացող ընտրագործոններին, վախից ընտրելու են ՀՀԿ թեկնածուին։  Ահա այսպիսի Շումախերներ։

Ինչեւէ, բացի սույն ջրիկ ավտոռալլիից, ՀՀԿ-ն անցել է իր ավանդական  գործելաոճին։  Մարզպետն ու նրա պատգամավոր եղբայրը Արարատում քիչ թե շատ հայտնի, ընտրական գործընթացների մեջ ներգրավված անձանց կանչում եւ սպառնում են, որ եթե վերջիններս համարձակվեն աշխատել ԲՀԿ թեկնածուի օգտին, լուրջ պրոբլեմներ են ունենալու, այդ թվում նաեւ՝ իրավապահների հետ։ Եթե փորձենք ներկայացնել սույն բացատրական աշխատանքների ռեզյումեն, ԲՀԿ թեկնածուի օգտին աշխատողներին խոստանում են, որ այս կամ այն «սպեց-օպերացիայի» շրջանակում վերջիներս շատ արագ կհայտնվեն իրավապահների ուշադրության կիզակետում։  Իսկ թե ինչ երեւակայություն ունեն ՀՀԿ ընտրակազմակերպիչները՝ «ջեբը պլան գցելուց»  մինչեւ ավելի լուրջ էքսպերիմենտները, որեւէ մեկին պետք չէ բացատրել։

Իհարկե, ողջ այս գաղջ ֆոնին մարզպետն ու ընտրական պրոցեսին կցված վերջինիս  ընտանիիքը չեն զլանում օրը մի քանի անգամ հայտարարել, որ այս ընտրությունն իրենց առաջին քննությունն է, եւ եթե տապալեցին՝ հայտնվելու են Լոնդիկի կողքին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ  Գրիգորյան եղբայրները իրենք են իրենց դրել փակուղային իրավիճակի մեջ։ Կրտսեր  Գրիգորյանին մարզպետի պաշտոն են տալիս՝ հետն էլ առաջին կուս.առաջադրանքը՝ Հայկ Հայկյանին դարձնել Արարատի քաղաքապետ։ Ինչը , ինչպես վկայում են անկախ դիտորդները, գրեթե անիրականանալի է։  Ուստի, եղբայրների  վիճակն իրապես պատային է։

Ի դեպ, մի զվարճալի դիտարկում եւս. մինչ Գրիգորյան եղբայրներն ամեն ինչ անում են՝ զրոյական  շանս ունեցող իրենց թեկնածուին Արարատի քաղաքապետ դարձնելու համար, քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը քաղաքապետի քարոզարշավի մեկնարկի հենց առաջին օրից  որոշել է հիշել քաղաքի սոցիալապես անապահովներին եւ նրանց գումար  բաժանել քաղաքի բյուջեից։ Բնականաբար, ամեն տված կոպեկի դիմաց ակնկալելով կոնկրետ քվե։ Դրամական օգնություն՝ քվեի դիմաց՝  քաղաքապետարանի որոշումների տակ Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատարը չի զլանում եւ ստորագրում է՝ «քաղաքապետ Խաչիկ Մնացականյան»։ Ինչը, իհարկե, օրենքի  կոպտագույն խախտում է։ Բայց դե, մարդն ուզում է գոնե մի քանի օր ինքն իրեն քաղաքապետ զգալ։ Հետո՞ ինչ, որ ինքնակոչությունը օրենքի  խախտում է։ 

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է գնել Ագուերոյին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրգործ չի հարուցել’