‘
Հոնկոնգի կենտրոնում՝ Մոնգ Կոկ շրջանում, նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է 116 մարդ:
Նախօրեին Հոնկոնգի իշխանությունները կրկին ձեռնամուխ են եղել շրջանը բարիկադներից ու ցուցարարների վրաններից մաքրելու գործին՝ ըստ դատարանի որոշման:
Ինչպես հաղորդել է Հոնկոնգում BBC-ի թղթակիցը, փողոց են դուրս եկել բազմաթիվ ցուցարարներ, որոնք դժգոհ են այդ որոշումից: Բողոքի ցույցերի շրջանում մշտապես հերթապահում են մի քանի հարյուր ոստիկաններ:
Հոնկոնգում սեպտեմբերից շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները՝ ի պաշտպանություն ժողովրդավարական բարեփոխումների: Ակտիվիստները դժգոհ են Հոնկոնգի վարչակազմի 2017 թ. անցկացվելիք ընտրություններում թեկնածուներին ընտրելու՝ Չինաստանի իշխանությունների որոշումից, և պահանջում են ուղիղ բանակցություններ Պեկինի հետ: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Լյան Չժենյինն ավելի վաղ հայտարարել է, որ փողոցային ակցիաների մասնակիցները ոչ մի շանս չունեն փոխելու Պեկինի դիրքորոշումը 2017 թ. կայանալիք ընտրությունների ձևաչափի վերաբերյալ:
‘