‘
Հոնկոնգում յուրահատուկ ձևով է անցել բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքում Չինաստանի ազդեցության ուժեղացման. 40 հոգի հրապարակավ կտրել են իրենց մազերը:
Նրանց խոսքով՝ չինացու համար ծնողներից ժառանգած մազերը մեծ նշանակություն ունեն, սակայն իրենք պատրաստ են զրկվել դրանցից և զոհաբերել դրանք՝ հանուն ժողովրդավարության:
Ցուցարարների դժգոհությունը հարուցել է նոր օրենքը, որի համաձայն՝ 2017 թ. քաղաքային ընտրությունների մասնակիցները պետք է հավանության արժանանան պեկինամետ կոմիտեի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանությունները բացառել են Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի թեկնածուների ազատ առաջադրման հնարավորությունը: Ըստ նրանց՝ երկու-երեք թեկնածուի պետք է առաջադրի կոմիտեն, որում «լայնորեն ներկայացված են քաղաքի բնակչության բոլոր շերտերը»: Քաղաքագետները ենթադրում են, որ այդպիսով ընտրություններին կմասնակցեն միայն Պեկինի նկատմամբ լոյալ թեկնածուները: Փոխանցում է BBC-ն:
‘