‘Հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի 15 երեխա. Հարուցվել է քրգործ’

1425

Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարման երևույթներով:

ՀՀ առողջապահության նախարարությունը Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի կապակցությամբ տեղեկացնում է, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:

Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից  տեղեկացնում են, որ 2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյանը՝ փոխվարչապետ եւ նոր նախարարության ղեկավար ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակի կանխատեսում 2014թ. դեկտեմբեր ամսվա համար’