‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է Պարտադիր կուտակայինի հարցը’

855

Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ եւ ներկայացրել առաջարկություններ:  

Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձեւաչափով քննարկումները:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը հստակ նշել է, թե կենսաթոշակային բարեփոխումները պարտադիր ունենալու են «պարտադիր» բաղադրիչը: Նրա պատկերացմամբ՝ այն լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Նշենք նաեւ, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը մերժել էր Կոնգրեսի՝ աշխատանաքային խմբում ընդգրկվելու առաջարկը: ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում քաղաքական պատասխանատվություն կիսել այս իշխանությունների ընդունած որեւէ որոշման կամ դրա նախապատրաստման համար: Ինչ վերաբերվում է նախագծին, Կոնգրեսի դիրքորոշումը հստակ է՝ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը պետք է բացառվի:

Նախորդ հոդվածը‘Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ներառված է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրում’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պատմապղծության կանխում’