‘Հովիկ Աբրահամյանը խոստանում է գազի հարցերով խորհրդարանական քննարկում կազմակերպել’

602

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստանում է առաջիկայում անդրադառնալ խորհրդարանում գազի հարցերով հանձնաժողով ստեղծելու՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին առաջ քաշեց սահմանի վրա և սպառողին հասնող գազի սակագնի տարբերության, ինչպես նաև գազի դիմաց կառավարության կուտակած 300 միլիոն դոլարի հարցերը՝ հիշեցնելով, որ իրենք ցանկանում էին հանձնաժողով ստեղծել հենց այդ հարցերն ուսումնասիրելու համար, սակայն մեծամասնությունը մերժեց այդ նախագիծը:

Հրանտ Բագրատյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Պարո՛ն Բագրատյան, մենք անպայման կանդրադառնանք ձեր բարձրացրած հարցերին և նախաձեռնությանը, որով դուք հանդես էիք եկել: Մենք անպայման քննարկումներ կկազմակերպենք և ես կոչ կանեմ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ակտիվորեն մասնակցեն այդ քննարկումներին»,- Աբրահամյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները նախագիծ էին ներկայացրել ԱԺ քննարկմանը, որով առաջարկում էին գազի գնի հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծել: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել էր, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն է լինելու ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը քվեարկությամբ մերժեց խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. «Դատախազության մասին» օրենքը փոխելու գաղափարը լավն է, խմբագրությունը՝ կաղում է’
Հաջորդ հոդվածը‘Կառավարություն․ ՄՄ-ին անդամակցելը կբերի ապրանքների թանկացման’