‘
Քիչ առաջ ավարտվեցին երկու առանձին հանդիպումներ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների չվճարված պարտքերի մարման խնդիրների վերաբերյալ:
Նախ, ԱԺ-ում, համաձայն «Նաիրիտի» հարցերով ստեղծված հանձնաժողովի հետ անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածության, մի խումբ նաիրիտցիներ հանդիպեցին Վարդան Այվազյանի հետ՝ քննարկելու այն հարցերը, որոնք գրավոր տեսքով գործարանի աշխատակիցները ներկայացրել էին հանձնաժողովին, ինչպես նաեւ «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարները: Հանդիպման մասնակից, «Նաիրիտի» մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բավականին մանրամասն քննարկվել են բոլոր հարցերը, թեեւ գործնականում որեւէ որոշում չի կայացվել: Նրա փոխանցմամբ՝ Վարդան Այվազյանը խոստացել է ԱԺ հաջորդ նստաշրջանի ժամանակ նաիրիտցիներին հուզող բոլոր հարցերը բարձրացնել թե′ հայտարարությունների, թե′ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Նաիրիտցիների մյուս հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ էր կառավարության նիստի ավարտից հետո: Վարչապետը խոստովանել է, որ մինչեւ ամսի 17-ը կառավարությունը հնարավորություն չի ունենալու որեւէ վճարում կատարելու, թեեւ հենց այդ օրը, ըստ Աբրահամյանի՝ «լավ լուր կհայտնի նաիրիտցիներին»: Միեւնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նաիրիտցիների հետ ամիսներ առաջ ունեցած պայմանավորվածությունը կառավարությունը կատարել է՝ վճարելով մի քանի ամսվա աշխատավարձ, իսկ ահա մնացած հարցերը, ըստ նրա՝ գործարանի ղեկավարության, բաժնետերերի եւ խորհուրդի խնդիրն են, եւ դա կառավարության պարտքը չէ:
«Գործարանի ղեկավարության վատ և անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա ավելորդ բեռ է ավելացել, որն ընդունելի չէ տնտեսական ծանր վիճակում»,- հայտարարել է նա:
Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաեւ նաիրիտցիների անցած շաբաթ հրապարակած պահանջագրին՝ խոստանալով առաջիկայում բավարարել դրանցից մեկը, այն է՝ միջնորդել, որ երկու ամսով հետաձգվի նաիրիտցիների ուսանող երեխաների վարձավճարների մուծումը:
Ավելացնենք նաեւ, որ նաիրիտցիները, բնականաբար, դժգոհ մնալով այսօրվա հանդիպումների արդյունքներից, երեքշաբթի, ժամը 11:00-ին, կրկին բողոքի ակցիա կիրականացնեն նախագահական նստավայրի մոտ:
‘