‘Հովիկ Աբրահամյանը պատգամավորին՝ հերիք ա ստից խոսաս. Տեսանյութ ‘

2015

Այսօր ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին այսօրվանից գործողության մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ: Նշելով, որ ոչ իշխանական ուժերը նույնպես, ըստ էության, դեմ չեն եղել հարկատեսակի նվազեցման գաղափարին, պատգամավորն ասաց, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի բխում մանր ձեռնարկատերերի շահերից: «Ինչո՞ւ եք այնպես անում, որ լավ գաղափարները պատուհասի են վերածվում մարդկանց համար»,- հարցրեց նա
Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը նշեց, թե մինչեւ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել բնակչության շրջանում, ձեռնարկատերերի հետ:
«Էդ ոճը պահանջատիրական, փողոցով ահաբեկել եւ այլն, հարմար ոճ չի: Քայլ ենք կատարել, իջեցրել ենք հարկային բեռը: Ինձ համար անհասկանալի է, եթե ձեր շրջանառության չափը 58 միլիոն է, ասում եք՝ փաստաթղթավորեք, 1 տոկոս վճարեք, բողոքում են: Պարզ չի՞, որ դժգոհողների շրջնառությունը ոչ թե 58 միլիոն է, այլ գուցե 200 միլիոնից ավել»,- հայտարարեց Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի, օրենքի կիրառության դեպքում կառավարությունը մանր բիզնեսի «հետեւից չի ընկնելու»: «Գնալու ենք-նստենք խոշորների մոտ, տեսնենք փաստաթղթավորում կա՞, թե՞՝ չկա, մանրների հետեւից չենք ընկնելու: Մեր խնդիրը խոշոր ձեռնարկատերերն են, ովքեր ստվերի տակ են աշխատում», — ասաց նա:
Արդեն նիստի ավարտից հետո, երբ հավանաբար Աբրահամյանը կարծում էր, թե բարձրախոսներն արդեն անջատված են, արդեն այլ՝ փողոցային տոնով դիմեց Վահան Բաբայանին. «Ի՞նչ ես մինչեւ հիմա արել արա, որ մի հատ էլ հորդորում ես… ի՞նչ ես ուզում … Հերիք ա ստից խոսաս»: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում գրանցվել է Էբոլայի առաջին դեպքը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը խնդրում է թույլ տալ բանակն օգտագործել արտասահմանում’