‘
Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Աբրահամյանը կարևորել Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:
Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ տպավորված են Հայաստանով և մարդկանց ջերմ վերաբերմունքով: Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու և նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար և կարևորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:
Հանդիպման ավարտին Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:
Ինչ մնում է Քիմ Քարդաշյանի ներդրմանը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում, ապա ինչպես արդեն նշել էինք մեր այսօրվա խմբագրականում, փաստացի՝ անգամ մի Քիմը մի օրում կարողացավ անել ավելին, քան մի ամբողջ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու պետական հանձնաժողովը» չարեց 4 տարվա ընթացքում:

‘