‘Հովիկ Աբրահամյանի եղբայրը Մխչյանում գիշերով արտեզյան հոր է բացում’

2238

Վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը «պատերազմ հայտարարեց» ստվերային տնտեսությանը:

Մայիսի 14-ին նա իր մոտ հրավիրեց մի քանի տասնյակ խոշոր գործարարների (ոչինչ, որ նրանց զգալի մասը պետական պաշտոններ են զբաղեցնում և, ըստ Սահմանադրության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն), և կոչ արեց նրանց «աշխատել հավասար դաշտում» և «ամեն ինչ անել, որ ստվերից դուրս գան»:

Ստվերային տնտեսության դեմ պայքարում իր վճռականությունն ընդգծելու համար Աբրահամյանն անգամ հայտարարեց, որ հանուն այդ նպատակի «ցավացնելու և նեղացնելու է» իր շատ մերձավորների ևս:  «Ես ինձնից եմ սկսելու, իմ մերձավորներից, դա լինելու է սկզբունքային», — մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մինչդեռ, կարծես թե, Աբրահամյանի մերձավորները չեն հավատացել նրա ուղերձի լրջությանը: iLur.am-ի խիստ հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղում այս օրերին նոր արտեզյան հոր է բացում, ամենայն հավանականությամբ՝ իր ձկնաբուծական բիզնեսը զարգացնելու նպատակով: Հավանաբար, եղած ջրավազանները բավարար չեն ավելացած առաջարկը սպասարկելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, վերջերս Աբրահամյաններին պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությունը դեպի Ռուսաստան ձուկ և ծովամթերք արտահանելու թույլտվություն է ստացել:

Հովիկ Աբրահամյանի մերձավորի՝ նոր արտեզյան հոր բացելու տեղեկությունը տարակուսանք է հարուցում նախ այն պատճառով, որ կառավարությունը փորձում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը լուծել Սևանա լճի հաշվին: Մասնավորապես, օգոստոսի 14-ի նիստում կառավարությունը որոշել է Արարատյան դաշտի հողերի ոռոգման նպատակով եւս 25 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել Սևանից՝ տարեկան ջրառի ծավալը հասցնելով 270 մլն խմ-ի: Իսկ դաշտավայրի ոռոգման խնդիրը հատկապես սրացել է վերջին տարիներին այստեղ թափ առած ձկնաբուծության պատճառով: Ի դեպ, Սևանի մակարդակը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ սկսեց նվազել 2012-ին, իսկ վերջին մեկ տարում նվազել է ամբողջ 10 սմ-ով:

Փաստորեն, մի կողմից՝ կառավարությունը դատարկում է Սևանա լիճը՝ նպատակ հռչակելով  Արարատյան դաշտի մշակովի հողերի ոռոգումը (որոնց մի զգալի մասը, ի դեպ, նույն Աբրահամյանների սեփականությունն է), մյուս կողմից՝ «ստվերի դեմ պայքարող» կառավարության ղեկավարի եղբայրը նույն Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով կասկածելի արտեզյան հոր է բացում:
Ուշագրավ է, որ, ըստ մեր աղբյուրի՝ Ջոնիկ Աբրահամյանի պատվերով հորատման աշխատանքներն ընթանում են բացառապես գիշերային ժամերին: Հուսով ենք, ստվերի դեմ պայքարող ֆինանսների նախարարության օպերատիվ խմբերը կակողանան ճշտել՝ արդյո՞ք  Մխչյանում հորատվող նոր խորքային հորը ապօրինի չէ: Մանավանդ, որ «Մխչյան Ֆիշ» ընկերությունը նախկինում արդեն «բռնվել է» ապօրինի խորքային հոր օգտագործելու մեջ:  

Նախորդ հոդվածը‘2011թ. էական առաջխաղացում չունենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Ս.Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանի երդմնակալությանը Ադրբեջանի նախագահը և արտգործնախարարը չեն մասնակցի’