‘Հովիկ Աբրահամյանի «Որոտանյան» հետողորմյան. Պոստֆակտում ‘

1690

Հովիկ Աբրահամյանի մոտ կարծես սկլերոզ է սկսվել: Համենայնդեպս, «Որոտանի» հարցում նա իրեն պահում է այնպես, ասես նոր է իմացել այդ գործարքի մասին՝ ընդհանրապես, եւ կամ այդ գործարքի մանրամասների մասին՝ մասնավորապես:

Այսպես, օրերս խոսելով «Որոտան» կասկադի վաճառքի մասին՝ Աբրահամյանը հայտարարել է. «Գործարքում կան թերություններ»: Նա նշել է, թե «օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է», ինչին ինքը կտրականապես դեմ  է: Ապա հավելել է, թե իր «մոտեցումները», այն կետերը, որոնց հետ իրենք «համաձայն չեն», ներկայացվել են երկրորդ կողմին, եւ եթե վերջիներս դրանք չընդունեն, ապա գործարքը չի կայանա»:

 Չէ, իսկապես, շատ տարօրինակ է Աբրահամյանի պահվածքը: Բանն այն է, որ արդեն քանի ամիս ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնում են «Որոտանի» վաճառքի մասին, նշում են ապօրինությունները եւ, ամենակարեւորը՝ հիշեցնում, որ այն վաճառվել է առանց ԱԺ համաձայնության, եւ նույն Աբրահամյանը, ով այդ ժամանակ եղել է ԱԺ նախագահը, երբեք անգամ մեկ բառ չի ասել այս խնդրի մասին, չի բարձրաձայնել իր մտահոգությունները, չի խոսել այն թերությունների մասին, որոնք ինքը «նկատել» է վաճառքի գործարքի ժամանակ: Ու ահա, հիմա, երբ արդեն ամեն ինչ կարծես ավարտված է, եւ մնում է՝ կողմերը դնեն իրենց ստորագրությունները, Աբրահամյանը, պարզվում է, մտահոգություններ ունի՝ շատ լավ իմանալով, որ այսպիսի պոստֆակտում մտահոգություններով գործին որեւէ օգուտ չես բերի: Ակնհայտ է, որ եթե Աբրահամյանը իսկապես ցանկություն ունենար պաշտպանել Հայաստանի  շահերը, ապա նա դեռ գործարքի սկզբում պետք է իր մտահոգությունները հայտներ՝ փորձելով կանխել բոլոր հնարավոր թերությունները եւ կամ վաճառքն ընդհանրապես: Իսկ այսպես, ստացվում է, որ ե՛ւ «Որոտանը» կվճառեն, ինչը իշխանությունների սրտով է, ե՛ւ Աբրահամյանը կփորձի այդ հարցով իր համար PR անել, իբր թե՝ ինչի՞ մինչեւ հիմա ես չեմ խոսել այս խնդրի մասին, որովհետեւ վարչապետի պաշտոն չունեի, իսկ հիմա, երբ արդեն այդ պաշտոնում եմ, պոստֆակտում կբարձրաձայնեմ թերությունների մասին:

Միայն հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ գործընթացը սկսվել էր, եւ ընդդիմադիր պատգամավորները կոկորդ էին պատռում՝ հարցի վրա ուշադրություն գրավելու համար, Աբրահամյանն ավելի բարձր պաշտոն ուներ, քան ունի հիմա: Նա այն ժամանակ, դե յուրե՝ երկրի երկրորդ դեմքն էր: Սա՝ իմիջիայլոց:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի նախկին նախագահի քրեական հետապնդման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Հնարավոր է, որ Ռոնալդուն խաղա «Մանչեսթր Յունայթեդի» հետ»’