‘Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկել հետընտրական իրավիճակը ‘

1039

ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ եւ առաջարկեց քննարկումներ կազմակերպել նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի շուրջ:

«Ժամանակն է վերջ տալ զոռբայությանը, նստենք սեղանի շուրջ, խոսենք, ինչի՞ մասին է խոսքը», — ասաց ԱԺ նախագահը: Նա նշեց, թե « հարգում է» 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Բայց դուք էլ պետք է հարգեք այն 861 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին», — նշեց նա՝ ընդգծելով, թե 539 հազար ձայնն ընդհանրապես ընդդիմության ձայներն են: Նա առաջարկեց քննարկումները կազմակերպել ԿԸՀ-ի՝ արդյունքները հրապարակելուց հետո:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մարդկանց համար անհասկանալի է, թե «ինչպես եղավ, որ բացարձակ մեծամասնությունը ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ընտրվեց Սերժ Սարգսյանը»: «Իշխանությունը պետք է տեր կանգնի այս գործընթացներին եւ թույլ չտա, որ զարգացումներն այլ հունով գնան», — ասաց նա: Հակոբյանն առաջարկեց մեկ նիստ նվիրել հետընտրական իրավիճակի քննարկմանը: 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, պատասխանելով Հովիկ Աբրահամյանին, նկատեց. «Ասում եք՝ հարգեք 800 հազար քաղաքացիներին: ՄԵնք ուզում ենք տեսնել նրանց, որ հարգենք»: Ըստ Փաշինյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած մարդիկ տեսանելի են, մինչդեռ Սերժ Սարգսյանի օգտին գրանցված 800 հազարին ոչ ոք չի տեսնում:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշեց որ այդ «800 հազարը չկան»: «Ու՞ր են նրանք, չկան: Դուք նրանց «խփել եք» համաձայն խոստման, թե՝ կուզեք՝ 90 կխփեք, կուզեք՝ 80 կամ 70: Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող հանրահավաքներին բոլոր քաղաքներում մարդիկ են գալիս, նրանք կան, իսկ որտե՞ղ են Սերժ Սարգսյանի կողմնակիցները», — ասաց Փոստանջյանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, գտնվում է մեկուսացման մեջ, նա դուրս չի գալիս իր նստավայրից: Այս խոսքերի վրա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան, կարգադրեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը, քանի որ «նա քննարկվող հարցի էությունից չի խոսում»: Իսկ քննարկվող  հարցն, ըստ կանոնակարգի, քառօրյայի օրակարգի հաստատումն էր:

«Ուզում եմ, որ ձեզ համար պարզ լինի, որ երբ մենք ասում ենք՝ քննարկում է լինելու, դա չի նշանակում, որ մենք քննարկելու ենք ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքները մեզ համար քննարկման ենթակա չեն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ձայների բացարձակ  մեծամասնությամբ հաղթել է», -ասաց վրդովված Շարմազանովը՝ հավելելով, որ Սարգսյանի կողմնակիցները նստած են իրանց տներում ու աշխատատեղերում եւ «ապահով Հայաստան են կառուցում»:

Ի դեպ, ԱԺ փոխնախագահը «թեմայից շեղվելու» նկատողություն չարեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Բադեյանին եւ Խոսրով Հարությունյանին, որոնք վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անելիս կրկին անդրադարձան հետընտրական գործընթացներին: Ընդ որում՝ Մանվել Բադեյանը նշեց, որ «ճգնաժամ է ոչ թե քաղաքական համակարգում, ճգնաժամ է որոշ մարդկանց ուղեղներում, որոնք չեն հավատում ԿԸՀ արդյունքներին, միջազգային դիտորդներին, այլ հավատում են իրենց ցանկությանը: Ձեր ցանկությունը քիչ է, պարոնայք», — եզրափկեց ՀՀԿ-ականը:

Իսկ Խոսրով Հարությունյանը ընտրության արդյունքները վիճարկողներին հորդորեց իրավական հիմնավորումներ ներկայացնել, այլապես «սա նման կլինի քաղաքական շառլատանության»:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի խմբակցությունը հրաժարվում է մասնակցել ԱԺ քառօրյային’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (ուղիղ եթեր)’