‘Հովիկ Աբրահամյան. Իշխանության անդամները պաշտպանության կարիք ունեն մանրադրամներից’

773

Այսօր կառավարության նիստի ժամանակ, դիմելով ներկաներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե անընդունելի է համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: «Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: «Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական»,- շեշտել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնությունը կեղծիքներով անցկացրեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նոր նախագիծը: Իսկ այդ ժամանակ ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին «Դեմ եմ» շարժման մասնակցիները, ովքեր մանրադրամներ ու ամոթ վանկարկումներ են շպրել  ՀՀԿ-ական պատգամավորների եւ պաշտոնյաների ճակատին:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը Ռուսաստանից MTU-90M կամրջատեղադրիչներ կգնի’