‘
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ են տվել Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ դժգոհող «դժգոհ մասսայի» հետ հանդիպումները:
Նիստին զուգահեռ՝ Կառավարության շենքի դիմաց հազարավոր ձեռնարկատերեր բողոքում են օրենքի դեմ՝ իրենց պահանջը չկատարելու դեպքում փետրվարի 1-ից սպառնալով համատարած գործադուլով:
«Արդա՞ր է իրենց պահանջը, թե՞ ոչ»,- փոխնախարարին հարցրեց վարչապետը:
Միրումյանն ի պատասխան նշեց, որ կառավարությունն, իբր, ընդառաջ է գնացել ձեռնարկատերերի պահանջին եւ հեշտացրել է վաճառվող ապրանքի փաստաթղթավորման գործընթացը: Մասնավորապես, փոխնախարարի խոսքով, փոփոխված կարգի համաձայն՝ ՓՄ ձեռնարկատերերն այժմ կարող են ապրանքի գույքագրման ժամանակ նշել միայն ապրանքների անվանումն ու քանակը, նրանք կարող են ձեռք բերել ներկրված ապրանքի փաստաթուղթ՝ անկախ նրանից, մասնակցել են նրանք մաքսազերծմանը, թե ոչ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կազմակերպել հանդիպումներ՝ այդ ամենի մասին «մարդկանց տեղեկատվություն տալու» համար:
«Փաստորեն՝ մենք մեր կողմից մեր պայմանները կատարել ենք: Հիմա իրենց կողմից որևէ լրացուցիչ պահանջ կա՞»,- հարցրեց վարչապետը: Ի պատասխան՝ Վախթանգ Միրումյանն ասաց, թե իրեն որեւէ այլ պահանջ հայտնի չէ:
‘