‘Հովիկ Շահինյանի զարմանալի արկածները ՕԵԿ-ում’

1252

Ըստ համառորեն շրջանառվող լուրերի՝ ամենամոտ ապագայում Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանն անդրադառնալու է նախկին ՀՀԿ-ական եւ ներկայիս ՕԵԿ-ական ոչ անհայտ գործիչ Հովհաննես Շահինյանին:

Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Այս մասին Հովհաննես Շահինյանը, ամենայն հավանականությամբ, մոռացել է: Իսկ մենք էլ հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների օրը, անձնապես գլխավորելով հրոսակախմբերից մեկը, նա հարձակվել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա եւ իր հաստավիզներով ծեծի ենթարկել նրանցից մի քանիսին՝ հենց ոստիկանության աչքի առաջ: Բնականաբար, դրա համար նա չկրեց պատասխանատվություն: Առա՛յժմ չկրեց: Ծեծի ենթարկվածներից մեկի առողջական վիճակն առ այսօր բավականին ծանր է, եւ հենց նրա գործն էլ քննելու է Եվրոպական դատարանը:

Ի դեպ, առաջիկայում ձեր ուշադրությանը կներկայացնենք տուժածի հետ բավական հետաքրքիր հարցազրույցը:

Ինչ վերաբերում է Հովիկ Շահինյանին, որը դեռ մանկահասակ երեխայի նման հավատում է, որ իրեն վստահելու են փոխքաղաքապետի պաշտոնը, ապա նա բավական սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել՝ գցելով իր հեղինակությունը գրեթե բոլոր շրջանակներում:

Հիշեցնենք, որ լինելով Արաբկիրի պատասխանատու՝ նրան էր վստահված Սերժ Սարգսյանի համար ընտրակաշառքի բաժանումը, եւ ներիշխանական ռազբորկաների արդյունքում պարզվել էր, որ նա գրպանել է ոչ ավել, ոչ պակաս՝ 400 միլիոն դրամ:

Դրանից հետո, ըստ մամուլի, նա պարբերաբար փախուստի էր դիմում արտերկիր՝ իր կիսագողական միջավայրերում բողոքելով, թե սրանց հետ աշխատել հնարավոր չէ: Ասում են, որ նույնիսկ մի քանի անգամ հուզվել եւ լաց է եղել:  

Որոշ ժամանակ անց «լավ տղա», «գողական» խաղացող Հովիկն իր ազգականին քրեական հետապնդումից ազատելու համար սկսեց մատնություններ անել այլոց վրա, ինչով հեղինակազրկվեց նաեւ իր նախընտրած «գողական» միջավայրում: Այս մասին եւս ժամանակին մամուլում գրվել է:  

Երկար դեգերումներից հետո Հովիկ Շահինյանն ի վերջո հայտնվեց ՕԵԿ-ում: Նրան խոստացան փոխքաղաքապետի պաշտոն: Նա սկսեց տարբեր ծառայություններ մատուցել, քննադատել ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին, ծաղրել Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիքը: Հովիկ Շահինյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե այս ընթացքում ձեռքերը ծալած նստեր: Համառ լուրեր են պտտվում, որ նա հասցրել է մի կլորիկ գումար պոկել Արթուր Բաղդասարյանից՝ զայրացնելով իր նոր տիրոջը: Ինչ վերաբերում է փոխքաղաքապետի պաշտոնին, ապա երբեք էլ մտադիր չեն եղել այդ պաշտոնը նվիրել նրան:

Հիմա հասկանալով, որ փոխքաղաքապետի պաշտոնին իր դունչը չի հասնում, ակնկալում է մի այլ պաշտոն` տունը պահելու համար, բայց նույնիսկ ՕԵԿ-ում հասկացել են, թե ինչ կարգի ու տեսակի մարդ է Շահինյան Հովիկը եւ չեն պատրաստվում նրան անգամ մի համատիրություն վստահել:

Արշակ Սարդարյան 

 

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Շատ վատ տղա»’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը’