‘Հովհաննես Սահակյան. Եկեք «փոխզիջում» բառից խուսափենք, որովհետև մենք չենք բանակցում, որ փոխզիջումների գնանք’

1489

Կարծում եմ՝ այստեղ ոչ թե փոխզիջումների մասին է խոսքը, այլ խոսքը փոխադարձ խոսք ընկալելու և ինչ-որ մի կետից սկսելու մասին է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե «իշխանությունը պատրաստ է գնալ փոխզիջումների, բայց խելամիտ, ողջամիտ»:

«Ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ մենք մի ազգ ենք, մի պետություն ենք, մի ժողովուրդ ենք: Մենք բոլորս մտածում ենք մի ուղղությամբ, թե ինչ քայլեր կատարենք, որ դա լինի ի օգուտ մեր ժողովրդի: Եկեք «փողզիջում» բառից խուսափենք, որովհետև մենք չենք բանակցում, որ փոխզիջումների գնանք: Մենք երկխոսությունների, բանակցությունների ճանապարհով ենք գնում և մեզ համար ընկալելի է երկխոսությունների ճանապարհով խնդիրները լուծելը: Ամենակարևորը՝ մենք կարողնանում ենք և՛ երևույթները, և՛ գործընթացները ճիշտ գնահատենք, ռեալ գնահատենք, որ չվնասենք և՛ պետության ֆունկիաները, գործողությունները, և՛ չվնասենք ինքներս մեզ: Կազմակերպված քայլերը, գործողությունները հետագայում արդյունք կտան»,- ասաց Սահակյանը:

Փորձեցինք ճշտել՝ իշխանությունը քաղաքական որևէ առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանին չի՞ անելու: Պատգամավորը պատասխանեց, թե առաջարկ բազմիցս եղել է, և Հովհաննիսյանը պետք է հասկանա, որ եթե Սերժ Սարգսյանը նրան հրավիրում է իր մոտ խոսելու, ուրեմն կա հարց, կա խնդիր:

«Եթե Ազգային ժողովի նախագահն է գնում Ազատության հրապարակ, ուրեմն կա խնդիր: Պետք է նստենք, լուծենք, ելքերը գտնենք, խաղաղ, նորմալ, զրուցելու ճանապարհով: Մենք որպես քաղաքական ուժ ապացուցել ենք, որ միշտ գործնական քայլերով ենք գնում առաջ և գործողությունները միշտ կազմակերպում ենք իրատեսական քայլերի և գործողությունների համատեքստում»,- նշեց Սահակյանը:

Մեր հարցին, թե այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ինքն է ընտրված նախագահը, կընդունի՞ իշխանության առաջարկած փոխզիջումային տարբերակը, Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե լավ է անում, հայտարարում է, քանի որ «յուրանքանչյուր մարդ կարող է իր պատկերացումների մեջ պատկերացնի, որ ինքը ընտրված նախագահ է», սակայն պաշտոնական թվերն ու իրականությունն այլ են: Պատգամավորի համոզմամբ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր Սերժ Սարգսյանին, «ավելի մեծ քայլերով կարող էր առաջ տանել մեր պետությունը, քան նմանատիպ դրսևորումներով»:

Իշխանության ներկայացուցիչներն իրենց արտահայտություններում ավելի կտրուկ էին, օրինակ, Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների աշխարհում է և պետք է վերադառնա: Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել, որ իշխանությունն արդեն փոխզիջումային տարբերակ է առաջարկում:

«Մեր քաղաքական թիմի ակտիվ այն անդմաները, ովքեր հրապարակային խոսք են ասում, եթե կա խնդիր, գործողություն, որը ադեկվատ չէ, կտրուկ են արտահայտվում, եթե կա քայլ, որ պետք չէ կտրուկ արտահայտվել, մենք ուղղակի աժիոտաժ ստեղծելու կամ հասարակության մեջ տպավորություն ստեղծելու համար կտրուկ հայտարարություններով հանդես չենք գալիս: Մեզ մոտ գործում է այն սկզբունքը, որ պետք է լինի պատճառը, այնուհետև դրան համարժեք պատասխանը»,- նշեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանական ՌՀ կենտրոն. Ադրբեջանի բանակը մարտունակությամբ զիջում է հայկական բանակին’
Հաջորդ հոդվածը‘Անջելինա Ջոլին և Դևիդ Բեքհեմը միասին կմասնակցեն Emporio Armani-ի նոր գովազդային արշավին’