‘Հովհաննես Սահակյան. Չեմ հասկանում, երբ հարցերի հարցը դարձնում են Ազատության հրապարակ գնալ-չգնալը’

744

Անկեղծ՝ չեմ հասկանում, երբ հարցերի հարցը դարձնում են Ազատության հրապարակ գնալ-չգնալը, iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կընդունի «Ժառանգության» առաջարկն ու կգնա Ազատության հրապարակ: Նա նշեց, որ խոսքը «երևույթի դրսևորման մասին է» և նրա, որ իրենք պատրաստակամ են նստել ու քննարկել բարձրացվող հարցերն ու տալ լուծումներ:

«Ես կառաջարկեմ նաև մեր բոլոր քաղաքական գործընկերներին, անկախ նրանից՝ Ազգային ժողովում են, թե Ազատության հրապարակում՝ ավելի շատ բովանդակությանը նշանակություն տալ, բովանդակության մեջ էներգիա և ջանք ներդնել, քան ձևի, որը այս դեպքում երկրորդական, երրորդական է: Ազատ մարդը, ազատ խոսողը, բանակցողը և՛ Ազատության հրապարակում է ազատ, և՛ մեկ այլ տեղ՝ նախագահական նստավայրում»,- հայտարարեց Սահակյանը:

Ըստ նրա՝ բանակցությունները ենթադրում են որոշակի հռետորաբանություն և խոսք, կարևորը՝ որ նպատակը և վերջնակետը լինեն բարի, լուրջ, և «մենք մեր խոսքի, քայլերի հանդեպ ունենանք բացառիկ զգուշավորություն և խնամք»: «Այն քայլերը կամ այն խոսքը, որ մենք կատարում ենք կամ հնչեցնում ենք, լսում են, հետևում են բազմահազար մեր հայրենակիցներ, ուստի կհորդորեմ, կոչ կանեմ, որպեսզի լինենք բացառիկ խնամքով»,- կրկին նշեց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը կընդունի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, Սահակյանն ասաց, թե դա բացառապես Սերժ Սարգսյանի լիազորությունն է, ու չցանկացավ Սերժ Սարգսյանի փոխարեն պատասխան տալ, փոխարենը հայտնեց իր անձնական կարծիքը:

«Այդ առաջարկները բավականին հում էին, դեռևս չպարզաբանված, թե ինչո՞ւ 5 մարզպետներ, ո՞ր մարզերը կամ մարզպետները, ինչո՞ւ այդ մի քանի գերատեսչությունները, ի՞նչ նպատակով, ո՞րն է ընտրության իմաստը, բովանդակությունը: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, այդ քննարկումը նամակագրական կամ ցուցադրական ինչ-որ երևույթների դրսևորում չպետք է ունենա: Պետք է լուրջ, տրամադրված, փաստարկված նստել, զրուցել, վեր հանել խնդիրները, պատճառահետևանքային կապը, տալ լուծումներ, առաջարկել լուծումների ճանապարհը»,- կարծիք հայտնեց Սահակյանը:

Նրա համոզմամբ՝ սրանք գործողություններ են, որոնց մեր երկրում հրապարակային նամակով ու նման գործելաոճով չես կարող լուծում տալ: Հովհաննես Սահակյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի նամակի այն հատվածը, երբ Սարգսյանն առաջարկում է «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսել աշխատել»:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով խաբված քաղաքացին իր բնակարանն է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում կոչ են արել գնդակահարել պաշտպանության նախկին նախարարին’