‘
Մեզ համար, ճիշտն ասած, անհասկանալի է՝ ինչ առանցքի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում մենք ասել ենք, որ քանի որ ավագանու հարցը մեզ համար առաջնահերթությունների թվին չի պատկանում, մենք առայժմ այդ հարցի հետ կապված որևէ որոշում չենք կայացրել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունը, թե «համախմբման առանցքը պետք է լինի ԲՀԿ-ն»:
«Երբ որ կայացվի այդ որոշումը, հանրությանը կտեղեկացնենք: Համենայն դեպս՝ մենք դեռ ժամանակ ունենք օրենքով նախատեսված ժամկետներում»,- նշեց նա:
Մեր հարցին, թե այս պահին որքանով է հավանականությունը, որ Երևանի ավագանու ընտրություններին նախօրեին կոնսուլտացիաներ իրականացնող ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» համախմբվեն, Խուրշուդյանն այսպես պատասխանեց.
««Բարգավաճը» առանձին գնաց, իր հետ ինչ-որ համախմբվելու հարց, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է քննարկել, քանի որ ինքն արդեն հայտարարել է, որ առանձին է գնում»:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» օրերս կայացած քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում էկայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններում: Կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
‘