‘Հովսեփ Խուրշուդյան. Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար’

943

«Մենք արդեն 2 օր է՝ ունենք Հայ ազգային կոնգրեսի հետ կոնսուլտացիաներ համագործակցության տարբեր ձևաչափերի օրակարգով, այնպես որ որևէ խնդիր մենք չունենք, մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե «Ժառանգության» ներկայացուցիչները դեմ են որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը:

«Այդ եռակողմ ձևաչափով հանդիպմանը եղել ենք հրավիրված: Մենք չենք եղել այդ հանդիպման նախաձեռնողը: «168 ժամն» է այդ ապատեղեկատվությունը տարածել, ես արդեն բազմիցս այսօրվա ընթացքում հերքել եմ»,- ասաց Խուրշուդյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկվա հանդիպման ընթացքում հանդիպումների շարունակականության մասին կոնկրետ որոշում չի կայացվել, բայց եթե նորից լինի հավաքվելու նախաձեռնություն, «Ժառանգությունը» խնդիր չի տեսնում: Խուրշուդյանը, որը ևս մասնակցել է հանդիպմանը, ասաց, որ «տարբեր խնդիրներ, համագործակցության տարբեր ձևաչափեր» են քննարկվել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող: Այլ մանրամասներ Խուրշուդյանն առայժմ ձեռնպահ մնաց հայտնելուց:

Հիշեցնենք, որ երեկ կայացել է ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եռակողմ հանդիպում: Մամուլը գրում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցը:

Նախորդ հոդվածը‘«Միսս Ռուսաստան-2013»-ը պաշտպանել է Pussy Riot-ին’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ Մարտունիում Ր. Հովհաննիսյանի հանդիպմանը (տեսանյութ)’