‘Հորդանանը չի մասնակցի ռազմական միջամտությանը Սիրիայի գործերին’

627

Հորդանանը ոչ մի դեպքում չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը, հաղորդում է   РИА Новости-ն: Նա պնդում է, որ անհրաժեշտ է այլ ուղիներ փնտրել՝ անվտանգությունն ու կայունությունը այդ երկիր վերադարձնելու համար: «Հորդանանը չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական միջամտությանը, քանի որ դա հակասում է մեր սկզբունքներին և մեր ազգային շահերին», այսօր Աբդալայի խոսքերն է մեջբերում «Ար-Ռայ» թերթը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը և հատկապես՝ արաբական երկրները, պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն՝ արյունահեղությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելու ուղղությամբ: Աբդալայի կարծիքով՝ ռազմական միջամտությունը  «միայն ավելի կսրի իրավիճակը Սիրիայում և անորոշ ժամանակով այդ երկիրը կհեռացնի խաղաղությունից»:

Սիրիայում իշխանությունների և ապստամբների միջև զինված հակամարտության արդյունքում, տարբեր հաշվարկներով՝ 20-40 հազար մարդ է զոհվել, 500 հազարը փախստական է դարձել, ավերվել են հարյուրավոր շինություններ՝ դպրոցներ, եկեղեցիներ ու մզկիթներ, երկիրը հսկայական նյութական վնասներ է կրել: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013 թ. Սիրիայում մոտավորապես չորս միլիոն մարդ միջազգային մարդասիրական օգնության կարիք կունենա: 

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Երևանում. 1 մարդ վիրավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի աշխատակիցները գազալցակայանում ծեծի են ենթարկել մարդկանց, որոնցից մեկը կորցրել է լսողությունը’