‘Հորդառատ անձրեւներ, ուժեղ քամի, զոհեր եւ սուգ Հունաստանում (տեսանյութ)’

2622

Հունաստանի իշխանությունները ակտիվացնում են փրկարարական աշխատանքները երկրի արեւելքում, որը հայտնվել է ջրհեղեղի էպիկենտրոնում: Երեկ՝ չորեքշաբթի օրը, Ասպրոպիրգոս քաղաքում փրկարարներին հաջողվել է ջրի տակ մնացած ավտոբուսից 12 մարդու փրկել: Այդուհանդերձ, զոհերի թիվը օրեցօր ավելանում է: Այսօր երկրի կառավարությունը հայտարարել է, որ արդեն կա 15 զոհ, որոնցից 10 տղամարդ եւ 5 կին: Նրանց մարմինները հայտնաբերվել են ջրի տակ մնացած շինություններում եւ փողոցներում: Մոտ 20 տուժածներ էլ հոսպիտալացվել են:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում համազգային սուգ է հայտարարել:

Հունաստանի արեւելյան ու կենտրոնական հատվածներում երկուշաբթի օրվանից հորդառատ անձրեւներ են տեղում, եւ ուժեղ քամիներ են սկսվել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ իրավիճակը մինչեւ շաբաթվա վերջ հազիվ թե փոխվի: Ավելին, ըստ կանխատեսումների, դեռ նոր տարածքներ էլ կհայտնվեն անձրեւների տակ. այդ թվում՝ Կրետե կղզին: Որոշ բնակավայրերում իրավիճակն այնպիսին է, որ փրկարարները անգամ չեն կարողանում ֆիզիկապես հասնել այնտեղ: Անձրեւները հեղեղել են փողոցները, որոշ փոքր քաղաքներում ջուրը հասել է մինչեւ տների տանիքները: Ծանր իրավիճակ է մայրաքաղաք Աթենքում եւ հարակից հատվածներում:

Աղետի հետեւանքների վերացման համար գործի է դրվել նաեւ Հունաստանի բանակը: Անտուն մնացած շատերին իշխանությունները տեղափոխել են զորամասեր: 

Նախորդ հոդվածը‘Մամեդյարովը համաձայն է դեկտեմբերին հանդիպել Նալբանդյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Երեկ. «Դե ես էլ դիրեկտըր մա՜րդ»’