‘
Հոմերոսի գլխավոր հերոսներից՝ Իթաքայի արքա Ոդիսևսը Տրոյական պատերազմից հետո իր դեգերումների ընթացքում հասել է Ամերիկա, կարծում է հին Հունաստանի պատմության վերաբերյալ գրքերի հեղինակ, գիտնական Զիգֆրիդ Պետրիդիսը: Նախկինում նման վարկածներ են առաջ քաշել նաև ամերիկյան գիտնականները, հաղորդում է Greekreporter.com կայքը:
Այս վարկածը, ըստ որի՝ Ոդիսևսը միայն Միջերկրական ծովում չէ, որ ճանապարհորդել է, առաջին անգամ 1964 թ. առաջ է քաշել ամերիկացի պատմաբան Հենրիետա Մերցը: Իր հետազոտությունների հիման վրա նա ենթադրություն է արել, թե ծովային հոսանքները Ոդիսևսին հասցրել են Հյուսիսային Ամերիկայի ափերը: Պետրիդեսը, ի տարբերություն Մերցի, այն կարծիքին է, որ հույն նավաստիները ամենևին էլ պատահականորեն չեն հասել Ամերիկայի ափեր. նրանց արագընթաց նավերը կարող էին հեշտորեն տեղափոխվել Ատլանտյան օվկիանոսով, նրանք հրաշալի տիրապետում էին առագաստներին և ծովային հոսանքներին, և դա հին հույներին թույլ էր տալիս մեծ տարածքներ հաղթահարել, համոզված է գիտնականը:
‘