‘Հույսի ճգնաժամ է’

846

Սերժ Սարգսյանն ասում է, թե մարդիկ Հայաստանից հեռանում են, որովհետև աշխատավարձը ցածր է:

Ըստ իս, մարդիկ Հայաստանից հեռանում են, ոչ այնքան ցածր աշխատավարձի, անարդարությունների առատության, այլ՝ հույսի բացակայության պատճառով: Չի երևում, չկա որևէ հույս, որ դրությունը կարող է դեպի լավը փոխվել: Ըստ այդմ էլ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե քաղաքական, տնտեսական կամ մշակութային ճգնաժամն է, այլ՝ հույսի:

Ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Հայաստանում այն կարծեք թե մահացել է:

Ամենևին չհավակնելով աշխարհներ շուռ տալ՝ առաջարկում եմ «հավաքագրել» կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել հաշվառել («գույքագրել») այս տարիներին Հայաստանից մեկնած և արտերկրում (ցանկալի է՝ ԱՊՀ-ից դուրս) բուհական կրթություն (գիտական աստիճան) ստացած (ստացող) երիտասարդներին: Դեռ հստակ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է օգտագործել այս հսկայական ներուժը, բայց, թերևս, արժե ինքներս մեզ համար պարզել, թե որտեղ ինչ ունենք:

Կարևորում եմ ԱՊՀ-ի տարածքից դուրս լինելու հանգամանքը՝ ելնելով աշխարհընկալման, էապես տարբերվող արժեհամակարգերի կրողներ լինելու հույսից:

Գուցե մի տեղ մի հռչակավոր մեդիա-մասնագետ ունենք, ով դաս է տալիս աշխարհի ամենահեղինակավոր բուհում: Գուցե մի քանի հզոր թուրքագետ, արևելագետ կամ տնտեսագետ ունենք, որոնց ծառայություններից հիմա օգտվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ, ասենք, Իտալիան, բայց որոնց տեղը մենք չգիտենք:

Գուցե ունենք մի քանի հզոր միջազգայնագետներ, որոնց դրսում ձեռքից ձեռք են խլում, իսկ մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կիլոմետրերով հեռու է դիվանագիտությունից ու էս աշխարհից: Գուցե աշխարհի ամենահեղինակավոր թերթերի վերլուծաբաններից մի քանիսը տարիներ առաջ Հայաստանից հեռացած մարդիկ են:

«Ով էլ գա՝ նույնն ա լինելու»… :  Չէ, էդպես չէ: Ձեր աչքի առաջ Վրաստանը փոխվում է: Ուղղակի դուք ասպարեզում չեք տեսնում այն տնտեսագետներին, դիվանագետներին, գիտնականներին ու արվեստագետներին, ովքեր պիտի գան ու պիտի նույնը չլինի: Նայենք, հավաքենք այդ կադրերի բանկն ու ասենք՝ սա է: Ունենք: Էս մարդկանց դարը չի կարող Սերժի կամ Ռոբի պես լինել: Էս մարդկանց մտածողությունն ու կրթության մակարդակը բացարձակ այլ է, ինչ դուք տեսնում եք 70-80-90 տարի շարունակ:

Տեսեք, գիտնական կրթության նախարար ունենք, վարչապետի թեկնածու ունենք, ում, օրինակ, հենց հիմա աշխարհում վստահում են Իրաքի տնտեսության վերականգնման ծրագիր կազմելու գործի համար ինչ-ինչ վերլուծություններ: Ոստիկանապետ ունենք, ով հեռու է մենթ լինելուց: Տեսեք, հրես, ֆիզիկոս ունենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է ու ընտիր ռեկտոր կլինի (օրինակ)՝ իր կապերով ու հեղինակությամբ կարող է օգտակար լինել:

Տեսեք, էս մարդը, որ երկիր ներկայացնի, հպարտությամբ քիթներդ տնկելու եք: Նայեք, տեսեք ինչ հրաշք իրավաբաններ կան, տեսեք ինչ քաղաքավարի ու կիրթ զինվորականներ ունենք:

Կարճ ասած՝ պարզենք՝ ինչ ունենք: Իսկ որ հզորագույն պոտենցիալ կա՝ հաստատ: Միայն մաթեմատիկայի ու ֆիզիկայի բնագավառում ինքս բազմաթիվ մարդկանց գիտեմ, ում Հայաստանից դուրս հազարներ ու տասնյակ հազարներ են վճարում, բայց ում տեղը Հայաստանը չգիտի: Կարևոր է ոչ միայն կամ ոչ այնքան կրթությունը, որքան այդ կրթության հետ համեմված աշխարհընկալումը: Թե չէ, Հայաստանում կան մի քանի իրապես հզոր մասնագետներ՝ համեմված սովետական ճենճահոտ գլխով՝ որպես քաղաքացի: Նման մարդուց մեծ օգուտ չկա: Հայաստանին ապագայի հույս է պետք: Պետք է ցույց տալ դրա տեղը:

 

 Ռաֆայել Թեյմուրազյան 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մենք լավ հանդիպում անցկացրեցինք’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը’