Հունաստանը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են անցկացրել

305

Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի գաղտնի հանդիպումը, հաղորդել է newsbreak.gr կայքը։

«Ուրբաթ օրը Իբրահիմ Կալինը և Աննա-Մարիա Բուրան հանդիպել են խստագույն գաղտնիության պայմաններում։ Նրանք զրուցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Իենս Պլետների ներկայությամբ»,- գրում է կայքը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է՝ չնայած լարվածության ու սպառնալիքների աճին։

«Բանակցությունները կայացել են Եվրախորհրդում Գերմանիայի պատվիրակության գրասենյակում, բաց օրակարգով, առանց որևէ նախապայմանի, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերակագնելու շուրջ հակառակ կողմի մտադրությունները»,- նշվում է հրապարակման մեջ։

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ հանդիսացող Հունաստանը և Թուրքիան բազմիցս հայտնվել են զինված հակամարտությունների շեմին՝ տարածքային վեճերի պատճառով։ Լարվածությունը կրկին մեծացել է 2022 թ․ օգոստոսի 23-ին, երբ, Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով, Հունաստանը գործի է դրել ռուսաստանյան արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրը՝  նշանառության տակ վերցնելով ՆԱՏՕ-ի առաքելությունն իրականացնող թուրքական F-16-երը։ Հունաստանը դա հերքում է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ «թուրքերը կարող են գիշերը անակնկալ գալ», եթե հունական սադրանքները շարունակվեն։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է անվանել Թուրքիայի սպառնալիքները և երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու նրա փորձերը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲենզեման Դեշամի օրոք չի խաղա Ֆրանսիայի հավաքականում
Հաջորդ հոդվածըԻրանում ձերբակալվել է ցուցարարներին սատարող անվանի դերասանուհին