‘Հունաստանին մեղադրում են սիրիացի փախստականների նավակները խորտակելու մեջ’

710

Հունական իշխանությունների կոշտ քաղաքականությունը սիրիացի փախստականների մահվան պատճառ է դառնում Էգեյան ծովում և Թուրքիայի սահմանակից Մարիցա գետում: Այս մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով հենց իրենց՝ փախստականների, զոհվածների հարազատների և իրավապաշտպանների տվյալները: Մասնավորապես՝ ներկայացվում է երկար ժամանակ Աթենքում բնակվող սիրիացի Ադիբ Հաշաշի վկայությունը, որի համաձայն՝ իր ազգականները զոհվել են Էգեյան ծովի Լեսբոս կղզու մոտ նավակը խորտակելու արդյունքում: Փրկված փախստականների վկայությունների հիման վրա Հաշաշը հայտարարել է. «Նրանք պատմում էին, որ իրենց նավակները շուռ  է տվել հունական նավը: Նրանց խոսքերով՝ դա եղել է հունական առափնյա ծառայության նավը»:

Մեկ այլ վկայություն բերում է BBC News-ը. դրա համաձայն՝  սիրիացի Սալվա ալ-Ռաջոն ընտանիքի հետ բազմիցս փորձել է Թուրքիա անցնել Մարիցա գետով, սակայն  ի վերջո հայտնվել է հունական բանտում: Կինը պատմել է, որ փորձերից մեկի ժամանակ ոստիկանները բռնել են իրեն և ուրիշ փախստականների  և զենքի սպառնալիքով ստիպել են վերադառնալ նավակ ու  այն ետ են հրել դեպի Թուրքիա: Իրավապաշտպանների կարծիքով՝  հունական ջրերից դեպի թուրքական ջրերը բռնի վերադարձը շատ վտանգավոր է, հատկապես՝ գիշերային ժամերին: Մինչդեռ Amnesty Internacional-ը վերջին ամիսներին Էգեյան ծովում և Մարիցա գետում այդպիսի քառասուն դեպք է արձանագրել:

Հունաստանի ոստիկանությունը և առափնյա պահպանության ծառայությունը կտրականապես հերքում են այս մեղադրանքներն իրենց հասցեին՝ պնդելով, թե փախստականների նավակները հաճախ են շրջվում Մարիցա արագահոս գետում, քանի որ դրանք ռետինե, ոչ հուսալի նավակներ են: Իսկ ծովում հաճախ հենց իրենք՝ փախստականներն են շրջում նավակները, որպեսզի հույները տեսնեն ու իրենց փրկելով՝ տեղափոխեն Հունաստան, փոխանցում է  lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Իսլանդիային’
Հաջորդ հոդվածը‘Վաղը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’