‘
Արդեն մեկ շաբաթ է՝ Հունգարիայում չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների և կառավարության քաղաքականության:
Ամենօրյա ակցիաները Բուդապեշտում սրել են կառավարության և ընդդիմության փոխհարաբերությունները: Պետական հեռուստատեսությունը հայտնվել է այդ դիմակայման կենտրոնում:
Նախօրեին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ փորձել են մուտք գործել Հանրային հեռարձակման ազգային կազմակերպության շենք, որպեսզի հրապարակեն իրենց հանրագիրը:
«Հունգարիայի պետական հեռուստատեսությունը շրջաններում ապրող մարդկանց տեղեկացնելու միակ միջոցն է: Մենք հնարավորություն չունենք մեր ուղերձի հիմնական իմաստը հեռուստաեթերով հասանելի դարձնելու և բողոքում ենք դրա դեմ: Հունգարիայում չկա խոսքի ազատություն, և լրատվամիջոցներում բացակայում է բազմակարծությունը»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:
Կառավարության ներկայացուցչի ասելով՝ իշխանությունները բանի տեղ չեն դնում բողոքի ակցիաները, քանի որ, նրանց կարծիքով՝ դրանք ֆինանսավորվում են արտասահմանից՝ վարչապետի և նրա քաղաքականության հակառակորդների կողմից:
«Ցուցարարների շարքում մենք տեսնում ենք քաղաքական ակտիվիստների, որոնց վերջին երկու տարում շռայլորեն վարձատրում է Սորոսը: Եվ հենց նրանք են անկարգություններ կազմակերպում»,- հայտարարել է կառավարության ներկայացուցիչը:
Փոխանցում է euronews-ը:
‘