‘Հունվարից եկամտային հարկի հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային կարգով ‘

1086

Այսօր կառավարության նիստում ընդունվեց «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» որոշման նախագիծը: Որոշման համաձայն՝ 2013 թվականի հունվարից տնտեսվարող սուբյեկտները եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմիններին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային կարգով: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ հանրապետությունում պետք է գործի հստակ միասնական համակարգ:

«Հաշվետվությունները ներկայացնողները գործատուներն են, որոնք ունեն հաշվապահներ, ֆինանսական պատասխանատուներ, ովքեր պատասխանատու են այդ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Հետևաբար, նրանք պետք է ունենան կարողություն, ունակություն ծրագրերից օգտվելու», — ասաց Ալավերդյանը: 

Որոշման համաձայն՝ սուբյեկտները, որոնք լիազորված են իրենց կազմակերպությունների կողմից հաշվետվություններն ուղարկելու, պետք է ոստիկանության անձնագրային բաժնից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն հարկային մարմնին, որ այնտեղից գաղտնաբառ ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, և դրանից հետո այս տեղեկությունները հարկային մարմինը կփոխանցի իրավասու այլ մարմիններին: 

«Այն քաղաքացիները, որոնք մինչև նոյեմբերի 30-ը կդիմեն հարկային մարմիններին, կփոխհատուցվեն, անվճար կստանան էլեկտրոնային ստորագրությունները, և նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը կառավարությունը կփոխհատուցի»,- հայտնեց Ալավերդյանը:

Նախորդ հոդվածը‘«Ճանաչիր թշնամուդ 2». Հակահարված նախաձեռնության նոր ակցիան ԱԺ-ի մոտ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Իտալիայի բարոյական սատարման կարիքն ունենք մեր կարևորագույն մարտահրավերների առումով ‘