‘
Ամանորյա արձակուրդային օրերը ավարտվեցին, եւ կարճ ժամկետով «մոռացության մատնված» բազմաթիվ խնդիրներ կրկին իրենց լուծումներն են պահանջում, ինչպես, օրինակ, նաիրիտցիների աշխատավարձերի մարման հարցն է, որը ամիսներ շարունակ չի գտնում իր հանգուցալուծումը:
Ինչպես ilur.am-ի հետ զրույցում հաղորդեց «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, այսօր որոշում է կայացվել հունվարի 16-ին, ժամը 11-ին, գործարանի մոտ վերսկսել բողոքի ակցիաները՝ աշխատավարձի պարտքի ամբողջակի մարման պահանջով: Բողոքի վերջին ակցիան տեղի էր ունեցել դեկտեմբերի 26-ին նախագահական նստավայրի մոտ: Ավելի վաղ գործարանի ակտիվը կառավարությանն էր ներկայացրել աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ 6 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ, որին, ըստ էության, լիարժեք պատասխան այդպես էլ չէր տրվել:
Հիշեցնենք, որ համաձայն «Նաիրիտ»-ի տնօրինության դեռեւս անցած տարի ընդունած որոշման՝ փետրվարի 6-ից սպասվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների կրճատումներ՝ առանց աշխատավարձերի պարտքը մարելու որեւէ երաշխիքի: Աշխատակիցներին պարտք են միջին հաշվով 18 ամսվա աշխատավարձ: Նշենք, որ գործարանն արդեն տևական ժամանակ պարապուրդի է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին:
2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին, իսկ ՀՀ կառավարությունը այդ ընկերության 10%-ի սեփականատերն է, սակայն աշխատելու տարիներին որևէ ներդրում` նույնիսկ 1%-ի, չի արել:
‘