‘«Հռոմի արքան» հրաժեշտ տվեց երկրպագուներին (տեսանյութ)’

1609

Երեկ Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում տեղի ունեցավ թիմի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի հրաժեշտի հանդիպումը։ Մարզական կարիերան ավարտեց  «Իլ Կապիտանոն», «Հռոմի արքան», «Հռոմի կայսրը»՝ Տոտին:

Սա այն դեպքն է, երբ ֆուտբոլիստին հրաժեշտ են տալիս ոչ միայն երկրպագուներն, այլև ողջ քաղաքը։ Իր 73 տարվա պատմության մեջ առաջին անգամ Հռոմի «Il Tempo» («Ժամանակ») թերթը լույս տեսավ փոխված անվանմամբ՝ «Il Tempo di Totti» («Տոտիի ժամանակը»)։ 

Ամենուրեք 10 համարն էր՝ երկրպագուների շապիկներին, պաստառներին, անգամ քաղաքային ավտոբուսներն այդ օրը երթևեկում էին «Grazie Capitano» («Շնորհակալություն ավագ») գրությամբ։ 

Այդ օրը «Ջենոա»-ն խաղադաշտ դուրս եկավ Տոտիին նվիրված խաղաշապիկներով, որոնց վրա գրված էր. ««Ջենոա»-ն ողջունում է Ֆրանչեսկո Տոտիին։ 25 մրցաշրջան՝ մեկ խաղաշապիկով, 786 հանդիպում, 307 գնդակ, 2006-ի աշխարհի չեմպիոն։ Ֆրանչեսկո Տոտին ֆուտբոլի պատմության մեջ է»։ 

«Ցավոք, այս պահը եկել է։ Ես կարծում էի, որ այն երբեք չի գա։ Այս օրերին շատ հիանալի բաներ եմ կարդացել իմ մասին։ Ես ամեն օր գժի պես արտասվել եմ։ Շնորհակալ եմ, որ այս տարիների ընթացքում իմ կողքին էիք»,- ներկաներին ողջունեց Տոտին։

«Ամեն անգամ, երբ հիշում եմ 2001-ի հունիսի 17- փշաքաղվում եմ։ Հիմա ամեն ինչ ավարտված է։ Ես այս խաղաշապիկով եմ կանգնած վերջին անգամ, չնայած որ պատրաստ չեմ դրան։ Գուցե ես երբեք էլ դրան պատրաստ չլինեմ։ Հեշտ չէ լույսն անջատելը։ Հիմա վախենում եմ, և դա այն վախը չէ, որ լինում է 11-մետրանոց հարվածից առաջ։ Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում։ Թույլ տվեք ես էլ վախենամ։ Հիմա ձեր աջակցության կարիքն ունեմ։ Շնորհակալ եմ բոլորին։ «Ռոմա»-ի ֆուտբոլիստ լինելն արտոնություն է։ Ավագի թևկապը կրելը՝ պատիվ։ Դուք միշտ լինելու եք կյանքիս մի մասը։ Իմ սիրտը միշտ լինելու է ձեզ հետ։ Հիմա ես կգնամ հանդերձարան։ Այն հանդերձարան, որը մտել եմ դեռ երեխա, իսկ հիմա լքում եմ տղամարդ։ Հպարտ եմ, որ սիրո 25 տարի պարգևեցի ձեզ։ Սիրում եմ ձեզ»,- հուզված նշեց Տոտին։ 

Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին Տոտին հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Հավաքականի կազմում նա անց է կացրել 58 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը‘Մակրոնը Թրամփի հետ ձեռքսեղմումն անվանել է «ճշմարտության պահ»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. «Ավրորայի» պարտությունը’