‘
Չնայած տեղատարափ անձրևին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում կիրակի օրը մեծ բազմություն է հավաքվել՝ մասնակցելու Զատկվա տոնակատարությանը:
Ավանդական զատկական քարոզում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ օրերս Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները քայլ են դեպի ավելի անվտանգ ու եղբայրական աշխարհ:
«Urbi et Orbi» («Քաղաքին և Աշխարհին») հասցեագրված ուղերձում պոնտիֆիկոսը նաև հատուկ ուշադրության է արժանացրել Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի ճգնաժամերին: «Նախ և առաջ՝ խաղաղություն ենք հայցում Սիրիայի և Իրաքի համար, թող որ դադարի զենքի ճարճատյունը և լավ հարաբերություններ հաստատվեն տարբեր խմբերի միջև, որոնք բնակվում են այդ երկրներում»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը չպետք է անհաղորդ մնա «հսկայական մարդասիրական ողբերգությանն այդ երկրներում և բազմաթիվ փախստականների ճակատագրին»: «Տիրոջ Հարությունը թող լույս բերի Ուկրաինային, հատկապես նրանց, ովքեր հակամարտությունից տուժել են վերջին ամիսներին: Թող օգնի խաղաղություն ու հույս գտնել՝ բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի շնորհիվ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Զատկի ուղերձը Հռոմի պապն ավարտել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների և հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցի միջոցով Զատկվա ժամերգությանը հետևած բոլոր մարդկանց մեղքերին թողություն տալով: Փոխանցում է BBC-ն:
‘