‘
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ ընդունելությունից հետո հայտարարել է, որ չափազանց տպավորված է պոնտիֆիկոսի հետ հանդիպումից ու նույնիսկ մտածում է, որ գուցե նորից սկսի աղոթել Աստծուն:
«Ես նորից կսկեմ աղոթել և կվերադառնամ եկեղեցու գիրկը, եթե պապն իր ծառայութւյունը շարունակի մատուցել նույնպիսի եռանդով»,- ասել է Կաստրոն:
Ռաուլ Կաստրոն, ինչպես և նրա եղբայր Ֆիդելը, մանուկ հասակում մկրտվել են կաթոլիկ եկեղեցում, սակայն հեղափոխությունից հետո Կուբայում հալածանքներ ծայր առան եկեղեցու դեմ:
Կուբայի նախագահը Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոս պապի հետ, որպեսզի շնորհակալություն հայտնի Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման հարցում ցուցաբերած աջակցության համար: Որքան հայտնի է՝ պոնտիֆիկոսը կարևոր դերակատարում է ունեցել Հավանայի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններում, որոնց արդյունքում դեկտեմբերին հայտարարվեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:
Դիտորդները նշել են, որ Կաստրոյի ընդունելությունը տևել է գրեթե մեկ ժամ, ինչը պապի կիրակնօրյա արարողակարգի համար անսովոր բան է:
Հռոմի պապը լավատեղյակ է Կուբայից, նախկինում նա գիրք է գրել կաթոլիկ եկեղեցու և կղզու կոմունիստական իշխանությունների փոխհարաբերությունների մասին: Ֆրանցիսկոս պապը նախատեսում է սեպտեմբերին այց կատարել Կուբա: Այդպիսով՝ նա կլինի երրորդ պապը՝ Հովհաննես Պողոս II-ից (1998) և Բենեդիկտոս XVI-ից հետո (2012), ով կայցելի Կուբա: Փոխանցում է BBC-ն:
‘