‘Հռոմի Պապը մաֆիայի թիրա՞խ’

723

Հռոմի պապ Ֆրանցիսկի «խաչակրաց արշավը» կոռուպցիայի դեմ, նրան դարձրել է Իտալիայի գերհզոր մաֆիոզական խմբավորումներից մեկի՝ «Նդրանջետա»-ի թիրախը: Այդ մասին հայտարարել է Ռեջիո դի Կալաբրիա քաղաքի դատախազի տեղակալ Նիկոլա Գրատերին «Il Fatto Quotidiano» թերթին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ Պապի՝ եկեղեցու ֆինանսական համակարգում «մաքրություն» անելու փորձերը դուր չեն գալիս կալաբրիական մաֆիային՝ «Նդրանջետա»-ին:

Գրատերին, որը հայտնի է որպես մաֆիայի մարտիկ, երկար ժամանակ ուսումնասիրել է Վատիկանի և մաֆիայի միջև կապը և դրա մասին ուսումնասիրության համահեղինակներից մեկն է: Նա մշտապես գտնվում է ոստիկանության հսկողության ներքո և Իտալիայում նրա հայտարարություններին լուրջ են վերաբերվում:

Գրատերին հայտարարել է. «Նրանք, ովքեր օգտվում են անմիջականորեն Եկեղեցուց եկող իշխանությունից և հարստությունից, անհանգիստ են և նյարդայնացած: Պապը պատրաստվում է վերացնել Վատիկանի տնտեսական իշխանության այդ կենտրոնները: Եթե մաֆիայի ղեկավարները կարողանային խանգարել Պապուն՝ նրանք առանց տատանվելու կանեին դա»:

Հունիսին Պապը հայտարարել էր հատուկ կոմիտեի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրեր Բանկ Վատիկանի գործունեությունը: Բանկը ստեղծվել է 1942թ.՝ Պի 12-րդ պապի կողմից և մեկ անգամ չէ, որ հայտնվել է ֆինանսական սկանդալների կենտրոնում:

Դատախազությունը կասկածում է, որ բանկը զբաղվել է կեղտոտ փողերի լվացմամբ:

«Նդրանջետա»-ն համարվում է աշխարհի ամենագաղտնի կազմակերպություններից մեկը՝ շնորհիվ իր կառուցվածքի, որը հիմնված է մի քանի կլանների վրա: Այն զբաղվում է նարկոթրաֆիքինգով և ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում՝ հատկապես Գերմանիայում, Կանադայում, Շվեցարիայում և Ավստրիայում:

Ըստ փորձագետների, այդ խմբավորման կարողությունը հասնում է 44 միլիարդ եվրոյի:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի նախկին նախագահին դատում են 719 եվրո կաշառքի համար’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի փոխվարչապետը պատրաստ է լքել պաշտոնը’