‘
Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Ըստ President.am-ի, զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում Սարգսյանը Պապին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Կաթոլիկ Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:
‘