‘Հսկաների ճակատամարտեր Դոնեցկում եւ Մադրիդում’

812

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը մեզ պարգեւեց երկու անմոռանալի եւ գերազանց մրցավեճ: Հանդիպումներ, որոնք 90 րոպե մարզասերներին ստիպեցին պարզապես գամվել հեռուստաէկրաններին:

Իհարկե, ցավալի էր, որ երկու հանդիպումները միաժամանակ էին ընթանում, եւ հետաքրքիր է, թե ով, որ հանդիպմանն էր նախապատվությունը տվել: Կիսվել հնարավոր չէր:

Դոնեցկում «Շախտյորը» սեփական խաղադաշտում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Եվրոպայի ամենահամակրելի թիմերից երկուսը, որոնց հնարավորությունները բոլորի կողմից հավասար էր գնահատավում:

Ինչպես եւ սպասվում էր, հարձակողական ֆուտբոլ դավանող երկու թիմերի միջեւ դիմակայությունը գոլառատ ստացվեց: Ամեն ինչ եղավ այս խաղում. եւ գեղեցիկ գոլեր, եւ կոպիտ սխալներ, պայքար դաշտի յուրաքանչյուր հատվածի համար: Սա հավասար թիմերի դիմակայություն էր, եւ ոչ-ոքին ամենատրամաբանական հաշիվն էր: «Բորուսիան» ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստականությամբ անկասկած գերազանցում էր «Շախտյորին» եւ դա բնական էր, հաշվի առնելով, որ  սա ուկրաինական ակումբի առաջին պաշտոնական հանդիպումն էր այս տարի, մինչդեռ Գերմանիայում արդեն վաղուց սկսվել է երկրորդ խաղաշրջանը: Սակայն «Շախտյորն» էլ ուներ իր խաղաքարտերը. երկար տարիների փորձը, կայուն եւ խաղարկված կազմը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ եւ բրազիլական լեգեոնի գործոնը: Վատ չդրսեւորեց իր նորամուտը նշող Թայսոնը, որը պետք է փոխարինի Մախաչկալա ճողոպրած Վիլիանին: Իսկ Դուգլաս Կոստայի գոլը, իհարկե, արտակարգ գեղեցիկ ստացվեց: Ճիշտ է, այս հանդիպումը ցույց տվեց նաեւ տանտերերի «աքիլեսյան գարշապարը»՝ կենտրոնական բարձրակարգ պաշտպանների բացակայությունը: Չիգրինսկին, որին ժամանակին «Բարսելոնան» շփոթվել եւ 25 միլիոն եվրոյով ձեռք էր բերել, անկհայտորեն դուրս էր մնում «հանքափորների» խաղային բոլոր սխեմաներից: Թույլ խաղաց նաեւ Ռակիցկին: Ինչեւէ, 2:2 հաշիվը թեպետ ձեռնտու է գերմանական ակումբին,  սակայն այս դիմակայությունում ամեն ինչ կորոշվի միայն պատասխան խաղում:

Շատ կարճ Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա խաղաց այնպես, ինչպես ամբողջ թիմը. ազատ տարածությունների բացակայության պատճառով, ինչը, իհարկե, «Բորուսիայի» մարտավարության արդյունքն էր, Մխիթարյանին շատ դժվար էր օգտագործել իր արագությունն ու բացվելու ունակությունը: Չնայած դրան, նա հաջողացրեց մի քանի դրվագներում վտանգավոր պահեր ստեղծել: Հատկապես տպավորիչ էր նրա եզրային անցումը խաղավերջում, եւ եթե եզրից  նրա փոխանցումը հասներ թիմակցին, ապա «Շախտյորը» կարող էր նաեւ երրորդ գնդակը խփել: Վատ չէր, մի խոսքով, բայց կարող էր ավելի լավ լինել:

Միայն պատասխան խաղում նաեւ կորոշվի երկու գրանդ ակումբների՝ «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության հաղթողը: Պարզապես փառահեղ, փայլուն եւ դրամատիկ մրցավեճ ստացվեց: Ժամացույցի ճոճանակի պես էր ընթանում խաղը: Սա հսկաների բախում էր, մարզչական մտահղացումների, մարտավարությունների, նյարդային եւ ոսկերչական աշխատանք պահանջող ճակատամարտ: Որտեղ Ալեքս Ֆերգյուսոնը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժամանակը անզոր է նրա հանճարի նկատմամբ: Ո՞վ կմտածեր, որ Ֆերգյուսոնը հենց մեկնարկից խաղադաշտ կմտցներ Դենի Ուելբեքին, որը նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում է հազվադեպ երեւում: Իսկ Ֆերգյուսոնը դա արեց եւ հենց Ուելբեքը պետք է դառնար հանդիպման առանցքային դերակատարներից մեկը: Առաջին խաղակեսում Ուելբեքը բոլորի համար անսպասելի բացեց խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում  զբաղվեց Չաբի Ալոնսոյի չեզոքացմամբ, որը հրաշալի կատարեց: Կամ այդքան քննադատում էին մանկունյանցիների դարպասապահ Դավիթ Դե Խեային, Ֆերգյուսոնն էլ ստիպված իր պաշտպանության տակ էր վերցնում երիտասարդ դարպասապահին: Մինչդեռ հենց Դե Խեան դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ մի քանի անհավանական սեյվեր կատարելով: Այնպես, ինչպես նա ետ մղեց Կոենտրաուի հարվածը, երեւի աշխարհում ոչ ոք չկարողանար:

Մադրիդցիների կազմում պետք է առաձնացնել Կրիշտիանու Ռոնալդուին: Անհասկանալի է, թե ինչու նա միշտ այդպես չի խաղում: Իսկական առաջատար, մարտիկ, կրակոտ (ուրիշ բան չհասկանաք), անընդհատ պայքարի մեջ. իսկական Ռոնալդուն սա է, եւ տեսնենք, թե ինչպես նա իրեն կդրսեւորի կիսահայրենի Մանչեսթերում:

Անիմաստ է երկար խոսել այս հանդիպման մասին. այն պետք է պարզապես դիտել, երկու, երեք անգամ. միեւնույն է, չի հոգնեցնի: Հանդիպումը ավարտվեց 1:1, բայց կարող էր նաեւ 5:5 ավարտվել: Չնայած պատասխան խաղից առաջ առավելությունը անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմը, սակայն միանշանակ, ոչինչ այս դիմակայությունում էլ դեռ ավարտված չէ:

Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Շախտյոր» – «Բորուսիա Դ.»` 2:2

Դարիո Սրնա, 31, Դուգլաս Կոստա, 68 – Ռոբերտ Լեւանդովսկի, 41, Մատս Հումելս, 87

«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:1

Կրիշտիանու Ռոնալդու, 30 – Դենի Ուելբեք, 20

Նախորդ հոդվածը‘Երևանի «RIVER ISLAND» խանութում տեսախցիկն ուղղված է կանացի հանդերձարանի վրա (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն գրպանում մատանի է պահում, որ անհարմար վիճակի մեջ չհայտնվի. Մամուլ’