‘Հրաբխային կղզու գոյացման արդյունքում Ճապոնիան հույս ունի ընդլայնել իր տարածքային ջրերը ‘

722

Ճապոնիայի կառավարությունը հույս ունի մեծացնել իր տարածքային ջրերի մակերեսը Խաղաղ օվկիանոսում նոր հրաբխային գոյացության արդյունքում, որը հետագայում կարող է դառնալ լիարժեք կղզի: Այդ մասին այսօր Տոկիոյում մամլո ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարը: «Եթե այդ գոյացությունը դառնա իսկական կղզի, ապա մեր տարածքային ջրերի մակերեսը կմեծանա»,- ասել է նա:

Տոկիոյից 1000 կմ դեպի հարավ՝ Օհասավարա կղզիների շրջանում, չորեքշաբթի օրը ստորջրյա հրաբխի արդյունքում նոր կղզյակ է հայտնվել, որն ունի 200 մետր տրամագիծ և ծովի մակերևույթից 20 մետր բարձրություն: Տոկիոն առայժմ չի շտապում այն գրանցել որպես կղզի, քանի որ նախկինում էլ բազմիցս այդպիսի գոյացություններ առաջացել են ու անհետացել:

Ճապոնական առափնյա ծառայությունն այսօր նախազգուշացրել է Օհասավարայի շրջակայքում նավարկության վտանգավորության մասին՝ այնտեղ գրանցված հրաբխային ակտիվության պատճառով: «Նորածին» կղզու մոտ ջրից վեր է խոյանում մոխրի մոտավորապես 600 մետրանոց սյուն, օդ են թռչում շիկացած քարեր, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց աշխատավարձը’