‘
«Մենք կարող էինք խոսքերով, հիմնավորումներով ներկայացնել երկրի վիճակը, բայց կարծում եմ՝ դրա կարիքն էլ չկա», — Հրազդանում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց ԲՀԿ կուսակցության անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով՝ արմատական փոփոխությունների ժամանակն է եկել:
«Համաձայն եմ Մուսինյանի հետ, որ հատուկ իրավիճակ է ստեղծվել երկրում, և որ սա պատմական առիթ է: Մենք ցույց ենք տալիս ձեզ, որ հնարավոր է երկիրը կոնսենսուսով կառավարել, ի տարբերություն գործող իշխանության, որը միահեծան կառավարում է երկիրը, և դա, ինչպես տեսնում ենք, լավ բանի չի բերում», — ասաց Օսկանյանը:
Նա նշեց, որ ընդդիմությունը ունի նախնական ծրագիր, որն իր արտացոլումն է գտել 12 կետերում: Օսկանյանի խոսքով՝ դրանք պատահական կետեր չեն, և եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորեր և իրականացներ դրանք, իրավիճակը էականորեն կփոխվեր, թե՛ տնտեսության մեջ, թե ներքաղաքական մթնոլորտում:
«Կա ընդդիմության մեջ միասնական կամք՝ գործը մինչև վերջ տանել: Սա այն հարթակն է, որ դուք պետք է միանաք մեզ, որպեսզի մենք միասնաբար կարողանանք ձեր կամքը իրականացնել: Կոչ եմ անում բոլորիդ՝ անձնապես, հարևաններով, բարեկամներով, նեղություն կրեք և հոկտեմբերի 10-ին եկեք Երևան՝ ցույց տալու, որ սա ժողովրդի կամքն ե: Միայն այս բռունցքով մենք կարող ենք փոփոխություն բերել, որի դրական արդյունքները շատ շուտով իր վրա կզգա յուրաքանչյուր քաղաքացի», — եզրափակեց Վարդան Օսկանյանը:
‘