‘
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է հոր՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ։ Արդեն ոստիկանությունում հայրը, իսկ այնուհետև որդին խոստովանել են, որ երեկ՝ հունիսի 8-ին, Հրազդան քաղաքում Ռ. Դանիելյանը քաղաքապետ հայրիկին պատկանող ծառայողական Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին (ով հիվանդանոցում մահացել էր)։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
‘