‘
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդուն մեղադրանք է առաջադրվել՝ 58-ամյա քաղաքացուն մահացու ելքով վրաերթի ենթարկելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Ըստ մամուլի տեղեկությունների` Դանիելյանի որդին վրաերթից հետո փախել է դեպքի վայրից՝ մեքենայի համարանիշները հետը տանելով: Դեպքի օրը տեղեկություններ կային, որ Դանիելյանի վարորդը ներկայացել է ոստիկանություն եւ փորձել պատասխանատվությունը վերցնել իր վրա:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են հայտնի դարձել առ այն, որ մեքենայի ղեկին գտնվել է 16 տարեկան պատանի, որը Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում դեպի Հրազդան ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտնին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և հարցաքննվել։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
‘