‘«Հրազդան» ՔԿՀ պետը ծեծել է դատապարտյալին և ստիպել է կեղծ ցուցմունք տալ. Մամուլ ‘

694

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Համլետ Ռաֆիկի Ղազարյանը որովայնի շրջանում 29 ասեղներ է մտցրել և հրաժարվում է դրանք հանել, քանի դեռ իրեն չեն այցելել լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և չեն լսել իր բողոքը: Դատապարտյալը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ասեղներից մի մասը հեռացրել են, սակայն մնացածը չի թողնում հանեն, քանի դեռ իր պահանջը չի բավարարվել: Գողության համար 6 տարի առաջ դատապարտված Համլետ Ղազարյանը նման ծայրահեղ քայլի, իր խոսքով, գնացել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի` Տիգրան Նավասարդյանի պատճառով: «Ինձ անընդհատ ծեծում էր, դժոխք էր ստեղծել իմ համար: էն բանի համար, որ ես ու կինս բողոքներ էինք ներկայացրել նախագահին: Ինքը ստիպում էր, որ հետ վերցնեմ նախագահին գրած դիմումներս, արդարադատության նախարարին գրած բողոքները»,-հուզված պատմել է խմբագրություն զանգահարած դատապարտյալը: Նա հիմնարկի պետին ասել է, որ եթե ճնշումները շարունակվեն, կդիմի ինքնասպանության: Հիմնարկի պետն էլ հեգնանքով հակադարձել է, թե ո՞ւր է քեզ այդքան տղամարդկություն: Ինքն էլ գնացել է այդ ծայրահեղ քայլին: «Ուզում էի ինքնասպան լինել, պրծնել»,-պատմել է դատապարտյալը: Ղազարյանի խոսքով, «Հրազդան» ՔԿՀ-ի պետը, բացի դիմումները հետ վերցնելու պահանջից, ստիպել է նաև կեղծ ցուցմունքներ տալ: «Ինքն ինձ ստիպում էր կեղծ ցուցմունք տալ, քանի որ մեր խցում ջահել էր մահացել, ղումար էր խաղացել, կրվել էր, սպանել էին: Պետն էլ ստիպում էր, որ սուտ ցուցմունք տամ»,-ավելացրել է դատապարտյալը:

Նախորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան’