‘Հրաժարականի պահը հասունացած է’

2237

Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ միջազգային երեք խոշոր դերակատարների դիրքորոշումներում փոփոխություն է նկատվում:

Հոկտեմբերի վերջին Մինսկում տեղի ունեցավ ԱՊՀ գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվել են նաև Մաքսային միության հետ կապված հարցեր: Ռուսական Առաջին ալիքը, որ Կրեմլի կիսապաշտոնական խոսափողն է, գագաթնաժողովի լուսաբանման ընթացքում նշեց, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը՝ մինչև չլուծի Ղարաբաղի խնդիրը: Մինչդեռ Բաղրամյան 26-ը բազմիցս նշել է, որ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Արցախի անվտանգության մարտահրավերները: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Մաքսային միություն մտնելու խոչընդոտը հենց Արցախի խնդրի չկարգավորված լինելն է:

Այնուհետև բելառուսական հեռուստաընկերությունը (ОНТ) լուրերի հաղորդման ժամանակ մոտ տասը վայրկյան ցույց տվեց, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնել գագաթնաժողովի ընթացքում: Ճիշտ է, Բաղրամյան 26-ը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ընթերցում էր, իսկ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե ուշադիր լսում էր, սակայն նման ձևով Սարգսյանին ցույց տալը խոսում է վերաբերմունքի մասին:

Եվրոպական Միությունը, իր հերթին, հաշվի առնելով Ասոցացման պայմանագրի հետ կապված Սերժ Սարգսյանի վարքագիծը, փոփոխություններ է մտցրել նրա հետ իր հարաբերություններում: Վերջերս պաշտոնական հայտարարություններում հաճախ են նշում, որ համագործակցելու են Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Հոկտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հայտարարել է, որ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը՝ քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են դարձել իրենց համար: Պարզ է, որ Եվրոպական Միության համար Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունն այլևս իմաստ չունի:

ԱՄՆ-ը վերջին շրջանում Հայաստանի հետ հարաբերություններում հիմնականում Ռուսաստանի դիրքորոշման հետ որևէ հակասություններ չի ունենում: Նույնիսկ դեսպան Ջոն Հեֆերնը իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ խնդիր չի տեսնում Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման հետ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ միջազգային գլխավոր դերակատարների դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել: Հենց այս փոփոխությունն էլ պատճառ է դարձել, որ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանը նամակ գրի, որով նա խոհեմության ու հրաժարականի կոչ է արել Սերժ Սարգսյանին:

Դրան հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ առաջին նախագահը ներկայացրեց ութ պատճառ, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:  Ըստ առաջին նախագահի՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ նրա ցանկացած քայլ տանում է Հայաստանի անխուսափելի պարտության միջազգային հարաբերություններում:

Սերժ Սարգսյանն այլևս ընդունելի չէ միջազգային կարևոր դերակատարների համար: Նրա արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ծայրաստիճան բացասական վերաբերմունք են ցույց տալիս նրա հանդեպ, որն էլ ազդում է Հայաստանի վարկանիշի վրա:

Այսօր արտաքին քաղաքական դասավորվածության արդյունքում Սերժ Սարգսյանն անընդունելի գործիչ է, եթե ներքին քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը փոխեն հօգուտ հրաժարականի, ապա Սերժ Սարգսյանը կհայտնվի անելանելի վիճակում, և հրաժարականի պահանջի բավարարումն իրական կդառնա:

Հայաստանը հայտնվել է քաղաքական ծանր վիճակում, որից դուրս գալը հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում: Իսկ այդ հրաժարականն այսօր կախված է միմիայն ներքաղաքական ուժերի դիրքորոշումից:

Արմեն Գրիգորյան

Civilnet.am  

Նախորդ հոդվածը‘«Հետք». Գագիկ Մինասյանը թաքցնու՞մ է եկամուտները’
Հաջորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ իրազեկման կարիք կա ‘