‘Հրայր Թովմասյան. Ես իրավաբան չեմ, ես նախարար եմ — Երթ` ի պաշտպանություն Շանթի’

657

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի բողոքի երթի մասնակիցները Կառավարության շենքի մոտ շարունակում են իրենց ակցիան: Ցուցարարներին մոտեցած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե բացառում է, որ Շանթ Հարությունյանին կալանավորել են քաղաքական դրդապատռճառներով: Նա գնահատական չտվեց այն փաստին, որ Հարությունյանի հարազատներին արգելում են տեսակցել նրա հետ: «Նախաքննական մարմինն է արգելում, ես չեմ արգելում», — նշեց նախարարը: Լրագրողների պնդմանը` այնուամենայնիվ, որպես իրավաբան՝ մեկնաբանել նախաքննական մարմնի վարքագիծը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ, ես արդարադատության նախաարարն եմ: Երբ որ նախարար չլինեմ, կհարցնեք, ես էլ իմ գնահատականները կտամ»:

Ցուցարարները Թովմասյանի խոսքերն ընդհատեցին բողոքի վանկարկումներով:

Հիշեցնենք, որ մի քանի օր Ազատության հրապարակում «Ես սկսում եմ հեղափոխություն» բովանդակությամբ պաստառի ներքո նստացույց անցկացնելուց հետո «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ին հայտարարեց, որ իր մի քանի համախոհների հետ մահակներով ու ճայթռուկներով  գնում է գրավելու նախագահական նստավայրը: Ոստիկանության ուժերը կասեցրին նրա երթը եւ ձերբակալեցին Հարությունյանին եւ նրա համախոհներին: Նախաքննական մարմինն արգելում է Շանթ Հարությունյանին տեսակցել իր հարազատների հետ: Դեկտեմբերի 24-ին այս պատճառով Հարությունյանը կալանավայրում հացադուլ հայտարարեց, որը դադարեցրեց այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ երեկ նրա առողջությունը կտրուկ վատացել էր: 

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանում Այվազովսկու կտավի կողոպուտի մեջ երկու հոգի են կասկածվում’
Հաջորդ հոդվածը‘Երգիծաբան Զադորնովն անպատիժ «գրոհում է» Ուկրաինան’