Հրայր Պալեան. Պատերազմով վախեցնելը վտանգավոր է երկրի ժողովրդավարության և անվտանգության համար. ՍԻՎԻԼՆԵԹ

1036

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ինքը պարտվի, և ընդդիմությունը գա իշխանության, երկիրը կկանգնի պատերազմի առաջ՝ «ոչ միայն տարածքների, այլև ինքնիշխանության կորստով»։ 

«Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ լինի, անուններն էլ կտամ հստակ, ենթադրում եմ, որ մի մասը չի էլ հասկանում, թե ինչ է ասում, բայց նրանք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,- մարտի 19-ի ասուլիսին ասել է նա։  

Նիկոլ Փաշինյանի այս պնդումը ենթադրում է, որ պատերազմը կամ խաղաղությունը կախված են նրանից, թե ով է կառավարում Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանի որոշումներից, ռազմավարական հաշվարկներից կամ արտաքին գործոններից։ Սա պատճառահետևանքային կապի հիմնովին սխալ մեկնաբանություն է։ Եթե ձևակերպումը ավելի հասկանալի ասենք, ապա պատերազմ սկսելու որոշումը կայացնում է Ադրբեջանը, ոչ թե հայ ընտրողը։ Պատերազմի ռիսկը հիմնականում որոշվում է Բաքվի ռազմավարական հաշվարկներով, ոչ թե Հայաստանի ներքաղաքական ընտրությունների արդյունքով։

Ընտրությունները որպես «պատերազմի կամ խաղաղության» հանրաքվե ներկայացնելը շրջում է որոշումների կայացման իրական կառուցվածքը։

Վարչապետի այս պնդումը ոչ այլ ինչ է, քան ընտրական ահաբեկման գործիք՝ «քվեարկեք իմ օգտին կամ էլ ստացեք աղետ»։ Սա պոպուլիստական հայտնի մեթոդ է, երբ առաջնորդն իրեն ներկայացնում է որպես ազգային գոյատևման միակ երաշխավոր՝ ընտրությունները դարձնելով կեղծ երկընտրանք իր և աղետի միջև։ Սա ժողովրդավարական ընտրության «անվտանգայնացումն» է, ինչը խաթարում է ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

Համեմատական քաղաքականության մեջ այս հռետորաբանությունն ունի բազմաթիվ նախադեպեր։ Բենիամին Նեթանյահուն, որը հաճախ կոչվում է «պարոն անվտանգություն», Իսրայելի ընտրությունները բազմիցս ներկայացրել է որպես երկընտրանք իր ղեկավարության և գոյաբանական վտանգի միջև՝ յուրաքանչյուր մրցակցի ներկայացնելով որպես վտանգավոր և անփորձ անվտանգային հարցերում։ Հետխորհրդային տարածքում Ալեքսանդր Լուկաշենկոն է օգտագործել արտաքին սպառնալիքների և անկայունության ուրվականի խոսույթը՝ ընտրական մրցակցությունը վարկաբեկելու և իր իշխանության շարունակականությունն արդարացնելու համար։ Ընդհանուր գիծը ազգային գոյատևման հարցերում բացառիկ, չփոխանցվող կարողության պահանջն է՝ պնդում, որը բնույթով անստուգելի է․ ցանկացած աղետ, որը հաջորդում է իշխանության փոփոխությանը, վերագրվում է առաջնորդին «խաթարածներին», իսկ ցանկացած կայունության շրջան՝ նրա անփոխարինելիության ապացույց է։ Ընտրությունների այսպիսի «անվտանգայնացումը» բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, քանի որ այն քայքայում է ընտրության նորմատիվ հիմքը՝ այն սկզբունքը, որ իշխանությունները կարող են փոխվել առանց աղետի։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը անտեսում է այն կառուցվածքային գործոնները, որոնք որոշում են պատերազմի ռիսկերը։ Պատերազմի ռիսկի ավելի վերլուծական գնահատականը պետք է անդրադառնա հետևյալին․

— Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացի վիճակը՝ ստորագրվա՞ծ է արդյոք կայուն համաձայնագիր, և ինչպիսի՞ն է դրա իրականացումը։

— Ադրբեջանի ներքին քաղաքական-տնտեսական իրավիճակը. արդյոք նախագահ Իլհամ Ալիևը կանգնա՞ծ է ներքին ճնշումների առաջ, որոնք կարող են ռազմական արկածախնդրությունը դարձնել գրավիչ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում Հայաստանը։

— Միջազգային զսպման միջավայրը՝ Ռուսաստանի դիրքավորումը, ԵՄ-ն և նրա դիտորդական առաքելությունը, ԱՄՆ-ի ներգրավվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած անկայունությունը։

— Եվ Հայաստանի սեփական ռազմական պատրաստվածությունն ու զսպման կարողությունները, որոնք ինստիտուցիոնալ բնույթի հարցեր են և կապված չեն կոնկրետ մեկ ղեկավարի հետ։

Այս փոփոխականներից ոչ մեկը կախված չէ նրանից, թե արդյոք Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսին կստանա մեծամասնություն։

Կառուցվածքային այս գործոնների շարքում առանձնակի կարևորություն ունի Ռուսաստանի էապես փոխված դերը. դա Հայաստանի անվտանգության միջավայրում սերունդների ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունն է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ռազմավարական հաշվարկը հիմնված էր Ռուսաստանի հետ դաշնակցության, ՀԱՊԿ անդամակցության և Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու համար Մոսկվայի ռազմական աջակցության ակնկալիքի վրա։ Սակայն Ռուսաստանի անգործությունը 2020-ի պատերազմի ընթացքում, նրա պասիվությունը 2022-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 240 քառ. կմ-ի գրավման և 2023-ին Լեռնային Ղարաբաղի անկման ժամանակ, ինչպես նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ ակտիվ մասնակցության սառեցումը հիմնովին քանդել են այդ համակարգը։

Այսօր Հայաստանը կանգնած է զսպման նոր համակարգ կառուցելու խնդրի առաջ և բազմազանեցնում է անվտանգության գործընկերությունների շրջանակը՝ աշխատելով ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ ուղղություններով, սակայն դեռևս չունի կայացած այլընտրանքային շրջանակ։ Այս վերափոխումը բոլորովին կապ չունի, թե որ քաղաքական ուժն է խորհրդարանական մեծամասնություն ձևավորում Երևանում։ Դա կառուցվածքային իրողություն է, որին պետք է բախվի Հայաստանի որևէ կառավարություն։

Ռուսաստանի հետ անվտանգության հարաբերությունների փլուզումը տեղի է ունեցել հենց Փաշինյանի կառավարության օրոք։ Նաև ինքը Փաշինյանն է նախաձեռնել նոր գործընկերների որոնումը։ Սա այն քաղաքական ժառանգությունն է, որը պետք է գնահատվի ըստ բովանդակության։ Դրա հանգեցումը հունիսյան ընտրությունների արդյունքին ավելի շուտ մթագնում, քան լույս է սփռում Հայաստանի առջև կանգնած ռազմավարական մարտահրավերին։

Վարչապետի այս սպառնալիքը խաթարում է այն հնարավոր զսպման կարողությունները, որոնք Հայաստանը կարող էր ձևավորել վերջին տարիներին։ Որքան էլ հակասական է, առաջնորդը, որը իր վերարտադրությունը կապում է ազգային անվտանգության հետ, կարող է թուլացնել Հայաստանի զսպման դիրքերը։ Սա Բաքվին ազդակ է փոխանցում, որ Հայաստանի պաշտպանությունը անհատականացված և խոցելի է՝ կախված մեկ մարդու քաղաքական ճակատագրից, այլ ոչ թե ինստիտուցիոնալ կայունությունից։ Ռացիոնալ պետությունը, հակառակը, հաղորդում է ռազմավարական շարունակականություն՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Եթե Նիկոլ Փաշինյանի պնդումն ընդունվի բառացի, ապա նա իր սեփական քաղաքական ժառանգության համար դուրս է գալիս հաշվետվողականությունից։ Նրա խաղաղության քաղաքականության, արած զիջումների, ստորագրած փաստաթղթերի և Արցախի կորստի ցանկացած քննադատություն հանգում է «պատերազմ հրահրելու» մեղադրանքի։ 

Սա հռետորական առումով հարմար է, բայց իմացաբանական առումով՝ անազնիվ։ Ընտրողը պետք է կարողանա գնահատել առաջնորդի գործունեությունը՝ առանց մտավախության, որ այդ քննադատությունն ինքնին կհանգեցնի պատերազմի։

Հենց Փաշինյանն էր իշխանության, երբ 2020-ին սկսվեց պատերազմը, և 2023-ին, երբ Արցախը ընկավ։ Եթե որևէ կոնկրետ առաջնորդի ներկայություն իսկապես պատերազմի և խաղաղության հիմնական որոշիչ գործոնն է, ապա այդ իրադարձությունների ժամանակ նրա իշխանության փաստը պետք է լուրջ հարցեր առաջացնի նրա այսօրվա հռետորաբանության առումով։ Այս իմաստով պատմական փաստերը չեն հաստատում նրա պնդումները։

Միևնույն ժամանակ, Փաշինյանի ձևակերպման խիստ քննադատությունը պետք է ազնվորեն անդրադառնա նաև ընդդիմության իրական քաղաքական դիրքորոշումներին և դրանք չներկայացնի որպես միատարր ամբողջություն։ Հայաստանի մասնատված ընդդիմությունը բաղկացած է տարբեր ուժերից․ ոմանք կոչ են անում ամբողջությամբ մերժել կամ վերանայել խաղաղության գործընթացը, մյուսները՝ վերականգնել սերտ համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, ոմանք էլ՝ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել տարածքային և սահմանային հարցերում։ Սրանք միանգամայն տրամաբանական թեմաներ են ժողովրդավարական քննարկումների և ընտրողների գնահատման համար, և անօրինական ոչինչ չկա, որ ընտրողները քվեարկելիս հաշվի առնեն թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումները։

Խնդիրն այն չէ, որ անվտանգության հարցերը տեղ ունեն ընտրական արշավում․ դրանք ակնհայտորեն պետք է լինեն։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի ձևակերպումը բոլոր քաղաքական տարաձայնությունները միավորում է մեկ՝ աղետալի արդյունքի ներքո։ Քաղաքական թափանցիկ համեմատությունը, որտեղ յուրաքանչյուր ուժ պատասխանատու է իր անվտանգության ռազմավարության պատեհության և վստահելիության համար, հենց այն է, ինչ պետք է ապահովի ժողովրդավարական մրցակցությունը։ Իսկ այն, ինչ չպետք է տեղի ունենա, այդ համեմատության բացառումն է, երբ հայտարարվում է, թե գործող իշխանությանը ցանկացած այլընտրանք նույնական է պատերազմի։

Ավելի ազնիվ և ռացիոնալ հանրային քննարկումը պետք է դնի հետևյալ հարցը՝ ինստիտուցիոնալ, դիվանագիտական և ռազմական ի՞նչ պայմաններ կան կամ պետք է ստեղծվեն, որպեսզի պատերազմը դառնա պակաս հավանական՝ անկախ նրանից, թե ով է կառավարում։ Այսպիսի ձևակերպումը ուշադրությունը առաջնորդի անձից տեղափոխում է կայուն անվտանգության կառուցվածքային պահանջների վրա՝ ստորագրված խաղաղության պայմանագիր՝ միջազգային երաշխիքներով և չլուծված կարևոր հարցերով, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ պատանդների ազատում, սահմանների նորմալացում և ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան մեկ տասնյակ հատվածներից, բարեփոխված և արդյունավետ բանակ, բազմազանեցված արտաքին քաղաքական հենարաններ և վստահելի զսպման համակարգ։

Այս հարցերը կարող են ձևավորել պատերազմի և խաղաղության թեմայի ավելի կառուցողական շրջանակ, որում կքննարկվեն Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները։ Սա այն տեսակ հանրային քննարկումն է, որն անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար, և սա հենց այն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը փաստացի խոչընդոտում է։

Հրայր Պալեանը միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ է՝ տասնամյակների փորձով։ Նա եղել է Քարթեր կենտրոնի տնօրենը։ Վերջերս հրատարակվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին նրա հիմնարար աշխատությունը` Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict and Missed Opportunities , հայերենը՝ «Անավարտ խաղաղություն։ Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները»։

Հոդվածը անգլերեն բնօրինակը՝ War and peace framing of Armenia’s parliamentary elecivilnet.am/hy/news/1011125

civilnet.am

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի դասախոսությունը Հարվարդի համալսարանում (1994թ.)
Հաջորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 74. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ուր բանքն սպառին, եւ գործքն թագաւորեն (ելույթ 2008թ. հունվարի 22 ի հանրահավաքում)