‘Հրանտ Բագրատյան. Կուտակային վճարները փոխհատուցելու մասին հայտարարությունները բլեֆ են’

986

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում անդրադարձել է վերջին օրերին մի շարք ընկերությունների (Վիվա Սել ՄՏՍ, Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատ, Արարատբանկ)` սեփական միջոցների հաշվին աշխատակիցների պարտադիր կուտակային վճարումները փոխհատուցելու մասին հայտարարություններին:

«Սա իշխանության ձեռագիրն է. օգտագործելով մի շարք իբր թե հեղինակավոր գործարարների իմիջն ու, այսպես կոչված՝ նախաձեռնությունը՝ թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի մեկից», — նշում է Բագրատյանը։

Ըստ պատգամավորի՝ իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։

«Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում՝ հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։ Կոնյակի գործարանը 1998-2006թթ. ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։ Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա, օրինակ, ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն. արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ», — հարցադրում է պատգամավորը` հավելելով. «Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ Եվ ուրեմն պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ»:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այդ ընկերությունների ղեկավարները քողարկված ձեւով քաղաքականապես օգնում են կառավարությանը։

«Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի», ամփոփում է Հրանտ Բագրատյանը։

 

Նախորդ հոդվածը‘Ըստ Հովիկ Աբրահամյանի` իր դեմ պատվեր են իրականացնում` «հաստացնելով հաստավիզ լրագրողներին»’
Հաջորդ հոդվածը‘Օսլոյում հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը և հարգել Նելսոն Մանդելայի հիշատակը’