‘Հրանտ Բագրատյան. Հայաստանը ԱՄՀ սահմանած ցուցանիշներին կհասնի 340 տարուց’

1094

Ազգային ժողովում 2012-ի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումների ընթացքում ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա ոչ արժանահավատ համարեց բյուջեի կատարողականի վերաբերյալ կառավարության ներկայացուցչի բերած տվյալները: Մասնավորապես, Բարգատյանը ուշադրություն հրավիրեց հարկեր/ՀՆԱ հարաբերակցության՝ կառավարության ներկայացրած տվյալներին: Ըստ դրանց՝ հարկերի հավաքագրումը նախորդ տարի ավելացել է 0,5 տոկոսով:

«Այդ 0,5 տոկոսից 0,45 տոկոս աճը հնարավոր է եղել ապահովել այն բանի շնորհիվ, որ նախորդ տարի ՀՆԱ աճը նախատեսվածից պակաս է եղել հենց այդքանով: Այսինքն, հարկերի հավաքագրման աճը իրականում 0,05 տոկոս է», — նշեց Բագրատյանը: Ըստ նրա՝ Հայաստանը նման տեմպերով ԱՄՀ սահմանած՝ հարկեր/ՀՆԱ 38,8 տոկոսին  կհասնի 340 տարուց:

Հրանտ Բագրատյանը անդրադարձավ նաեւ կառավարության ներկայացուցչի այն դիտարկմանը, թե իբր արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 90-ականների սկզբներին: Ըստ նախկին վարչապետի՝ 1992-ին Հայաստանից արտագաղթել է 221 հազար, 1993-ին՝ 93 141 մարդ, 94-ին՝ շուրջ 30 հազար, 95-ին՝ 20 հազար: Ընդ որում, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ 90-ականների առաջին կեսին հիմնականում արտագաղթել են ադրբեջանահայ փախստականները: Միեւնույն ժամանակ, նույն տարիներին չեն ֆիքսվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Հայաստան ժամանողների տվյալները:

«Այսպիսով, 1991-96-ին Հայաստանից դուրս է եկել շուրջ 240 հազար մարդ՝ մի փոքր պակաս, քան վերջին հինգ տարիներին: Եկեք չշփոթեցնենք իրար թվերով», — նշեց Բագրատյանը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն արտոնություններ տվեց Դիլիջանի միջազգային դպրոցին’
Հաջորդ հոդվածը‘Կհանգստանա գաղջ մթնոլորտից’