‘
Ինձ ասել են, որ առանձնապես բան չկա, մարտավարության հարց է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ տարակարծություններին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ինձ ոչինչ հայտնի չէ: Կարևորագույն որոշումները քննարկվում են, որևէ որոշում մենք չենք քննարկել: Որոշ մարդիկ շտապում են: ԲՀԿ-ն զգույշ է արտահայտվում և ճիշտ է անում: Չեմ սիրում այնպիսի քննարկում, որ կառչում են բառից: Ջուրը մտնելուց առաջ բոբիկանալ պետք չէ, կգա ժամանակը՝ կտեսնենք»,- ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց համար շատ ընդունելի եւ անառարկելի թեկնածու է, իսկ թե Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ինչ կորոշի՝ չի կարող ասել:
«Ճիշտ մոտեցումն այն է, որ սպասենք, տեսնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է որոշում»,- նշեց Բագրատյանը:
‘