‘Հրանտ Բագրատյան. Տնտեսական ճգնաժամը մնացել է ՀՀ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում’

807

«2013 թվականի պետական բյուջեի ամբողջ քննարկումները հակասահմանադրական են, բյուջեի եկամուտները չեն քննարկվել»: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային Ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Կառավարությունը թռուցիկ ներկայացրել է եկամուտները, իսկ Ազգային ժողովում, դժբախտաբար, մենք սխալ օրակարգ ենք ընդունել հանձնաժողովի կողմից և քննարկել ենք ծախսերն առանց եկամուտների, վերջում թռուցիկ ենք անդրադարձել եկամուտներին: Չփորձեք ինձ համոզել, որ կարելի է սկզբից քննարկել ծախսերը, հետո եկամուտները»,- ասաց Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի՝ եկամուտ քննարկելու համար պետք է սկսել նրանից, թե ո՞վ է, որ հարկ չի տալիս: Բագրատյանի համար պարզ է, որ խոշոր բիզնեսմենները հարկ չեն տալիս, ու ցանկացած հարկերի բարձրացում նստելու է սպանվող փոքր ու միջին բիզնեսի ուսերին:

«Մյուս սուտը, թե՝ այնուամենայնիվ եկամուտ-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է: Եկամուտ-ՀՆԱ հարաբերությունը երկու թիվ է ենթադրում՝ համարիչում՝ եկամուտ, հայտարարում՝ ՀՆԱ: Ինչպե՞ս կարելի է էս թիվը մեծացնել. երկու եղանակ կա՝ կամ համարիչն ես մեծացնում, կամ հայտարարը փոքրացնում ես: Ձեզ մոտ ՀՆԱ-ն եկել է 15 անկումով, 18%-ը դառել է 21,5, բան տեղի չի ունեցել, ուրիշ բան չկա, այլ մեկնաբանություն չկա»,- հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը մնացել է ՀՀ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում, քանի որ համաշխարհային տնտեսությունը զարգանում է:

«Ճգնաժամը մեզ մոտ է: Անընդհատ ճգնաժամի վրա մի գցեք: Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարին համաշխարհային տնտեսության համար միջին զարգացման տարիներ են: Մեզ համար ընդունելի է այնպիսի տնտեսական աճը, որը ավելի բարձր է համաշխարհային միջինից, որովհետև միջինից երեք անգամ հետ ենք մնում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Բագրատյանի կարծիքով՝ երկրի ամենակարևոր խնդիրները սրանք են. հարստության չափից դուրս կենտրոնացվածությունը, օլիգարխիկ կառուցվածքը, քանի որ տնտեսությունը այնպիսի մարդկանց ձեռքին է, որոնք բյուջեն ընդունելու վրա վճռորոշ ազդեցություն ունեն: Բագրատյանը նշեց, որ այս ամենը բերում է արտագաղթի, որի ցուցանիշն այս տարի ավելի բարձր է, քան երբևէ:

Լուսանկարը՝ ֆոտոլուրի

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ապրում մեր գեներալները. Ս.Սարոյանի եկամուտը 2011 թ. կազմել է 1մլրդ 611 մլն 924 հազար 442 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Ներկայացվածը ես անվանում եմ տարկետման բյուջե’