ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին
Բաց նամակ
ՀՀ ԱԺ վերջին նիստերի քննարկումները Հայաստանի գրողների միությունում առաջ են բերել խոր տագնապներ եւ անհանգստություն՝ ԱԺ պատգամավոր եւ ՀՀՇ վարչության նախագահ, արձակագիր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու առնչությամբ։
Հայ գրողները մոտիկից գիտենալով ու խորապես ճանաչելով Վանո Սիրադեղյանին ե՛ւ իբրեւ քաղաքական գործչի, ե՛ւ իբրեւ գրողի, համոզված են, որ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված մեղադրանքը բացարձակապես հերյուրանք է եւ թելադրված է քաղաքական մութ ու կասկածելի ուժերի կողմից։ Ներկա իշխանությունների համար Վանո Սիրադեղյանի «գործը» պատրվակ է՝ քողարկելու շատ ավելի լուրջ հանցանքներ ու բացթողումներ։ Պարզ է նաեւ, որ Վանո Սիրադեղյանը, լինելով ըմբոստ անձնավորություն եւ բացառիկ անհատականություն, չի կարող չշարժել քաղաքական եւ մերձքաղաքական բազում միջակությունների խանդն ու թշնամանքը։
Եւ ինչպիսի դյուրությամբ են այսօր փորձում ժխտել եւ ուրանալ այն բոլոր նվաճումները ու ձեռքբերումները, որ մեր պետականությունն ունեցավ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարության տարիներին։ Եւ այդ նվաճումներից շատերը բացառապես արդյունք են նրա անհատնում ջանքի, խիզախության ու նվիրումի։ Ըմբոստ ու շիտակ մարդկային այդ տեսակը անհնարին է, որ ամենաչնչին չափով մասնակից դառնար նման զարհուրելի ու արյունոտ արարքների։
Նրա դեմ կիրառված որեւէ բռնություն ոտնձգություն է լինելու մեր ազգային ինքնության ու արժանապատվության դեմ։ Մենք անհանգստացած ենք ոչ միայն քաղաքական գործչի, այլ նաեւ անուրանալի ձիրքի տեր գրողի ճակատագրի համար։ Կարծում ենք, որ արդեն անցել են 37 թվականին հատուկ հանիրավի մեղադրանքներով գրող-մտավորականին ու քաղաքական գործչին մահվան դուռը քշելու անփառունակ գործընթացները։
Հայաստանի գրողների միության նախագահ՝
Հրանտ Մաթեւոսյան
եւ Գրողների միության համարյա բոլոր անդամներ
«Առավոտ», 27.02.1999։
Լուսանկարը՝ vnews.am կայքից
