‘Հրանտ Մաթևոսյանը այսօր կդառնար 80 տարեկան ‘

901

Այսօր 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկի` Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակն է:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին մեծ աղմուկ բարձրացրած «Ահնիձոր» ակնարկով: Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։
1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։

ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1964 թվականից։

1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։

Ունի դուստր և որդի։

Այսօր` ժամը 12:30-ին Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա գրողի հիշատակի խնկարկման արարողությունը:

Հույս ունեմ, որ ժողովուրդը երկիրը ամայի չի թողնի. Այսպես է վերնագրված Հրանտ Մաթևոսյանի` ստորև ներկայացվող հոդվածը.

2000 թվական, 12 փետրվարի՝ իմ ծննդյան օրն է: Իմ տոնի առիթով, իմ խոսքը հին օրերում բոլորովին այլ երանգ, այլ շեշտ կունենար, եթե ընկած չլիներ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո:
Հոկտեմբերի 27-ի (բառը այդպես էլ չենք գտնում) դժոխքից հետո… Ազգս ցույց տվեց իր վատթարագույն երեսը: Թումանյանի խոսքով՝ հանդուրժելու, սիրելու, ներելու վերաբերմունքն է մեզանից յուրաքանչյուրին պակասում… Կուզենայի, իսկապես, կուսակցություն ունենալ հանդուրժողների, տանողների, ներողների… Կուզենայի մեծահարուստ հրեա լինել՝ ահա այդպես, տոննայով ոսկի հրապարակ նետեի, և կերատաշտի շուրջը խաղաղվեին, հանգստանային և իրենց աշխատանքին դառնային:
Վատը հաղթեց: Վատը հաղթեց: Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան: Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ: Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին… Եվ ահա թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ հավասարվենք, էս պարտված վիճակից դուրս գանք, միանանք աշխարհի ժողովուրդների շքեղ շքերթին՝ Աստված գիտի թե երբ: Իսկ առայժմ ստրուկն է մեջներս՝ օգնության հույսով. մտքի օգնության հույսով, արևմուտքին ենք նայում…
Հույս ունեմ, որ մեր ժամանակը և մեր երկիրը պատվախնդրությունը կունենա, որ իր ժամանակը և իր երկիրը ժողովուրդը ամայի անապատ չի թողնի: Հուսամ, որ գործարանները դարձյալ կծխան, շչակները դարձյալ կշչան, և ժողովուրդը ելք կգտնի էս ամեն ինչից…
…Մեր գրականությունը մի քիչ այլ բան է եղել, քան այլ երկրներինը: Մեր գրականությունը՝ Աբովյանից սկսած, փոխարինել է պետականությանը, հետո՝ սովետական իշխանության տարիներին մեր գրականությունը մեր իշխանությունների և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն էր՝ ազգային ինքնավարությունը: Եկեղեցուն հավասար մի բան էր, ինչպես հազար տարի շարունակ մեր եկեղեցին էր փոխարինում մեր պետականությանը, Աբովյանից սկսյալ՝ մեր գրականությունը հայ պետականությունն է, փաստորեն՝ մեր պետականությունը ապաստանել է հայ գրականության մեջ: Շատերը կարող են հակված լինել, որ այն աշխարհի գրականություններից նվազ բարձրության վրա է եղել, գրական երթի մեջ չի եղել, բայց մեղք չես դնի, որովհետև մեր ճակատագիրը այդ է՝ Մեսրոպ Մաշտոցից, Խորենացուց սկսած, մինչև, ասենք թե, նվաստս… Մարդուց խրտչող աշխատանքը, բանվորի ձեռքից փախչող հաստոցը, և մեր ու մեր միջև այդպես սեպ էր առաջանում՝ ժամանակների արատն էր: Եվ էդ էր, որ ես վիրավորված նկատեցի 22-23 տարեկանում. զուտ տեղացու խանդով վիրավորվեցի, թե ինչու պիտի մենք մեր արջին սպանելու իրավունքը չունենանք. մենք ենք, մեր արջը, և դրանից եկավ ահա «Մենք ենք, մեր սարերը». վատ գործ չի…

Հրանտ Մաթեւոսյան

2000 թվական 

Նախորդ հոդվածը‘Բանկերը վերածվում են «էմէմէմ» դրամական բուրգի. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)’