‘Հրանտ Չարչարենց. Քաղաքացիական պայքարի հաջողությունները եւ քաղաքական մուտիտները’

2057

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական գործողությունը բավականին հաջող կերպով է ընթանում: Բնական է, որ դրա շուրջ փորձեր են արվում ամեն տեսակի մուտիլովկաներ տարածել տարբեր խմբեր եւ անհատներ, բայց գոնե այս պահի դրությամբ եւ իմ անձնական տպավորությամբ՝ նրանց չի հաջողվում շարժումն իր հունից շեղել, ինչը հույս է տալիս, որ մեր հասարակության ակտիվ հատավածն ավելի հասուն է դառնում: Մի երկու բառով խոսեմ, նախ, որոշ մուտիլովկաների մասին, հետո այն մասին, թե ինչպես, իմ համեստ կարծիքով՝ կարելի է հաջողությամբ շարունակել դրանց դիմագրավելը:

   Նախ՝ փաստ է, որ այս պահին իշխանությանն անհագստացնում են ծավալվող իրադարձությունները, թերեւս՝ ավելի, քան քաղաքացիական ընդվզման նախորդ դեպքերը: Դրա մասին են կարծես թե վկայում ոստիկանության բավականին կոշտ գործողությունները: Մյուս կողմից, պարզ է, որ իշխանությունն ամեն բան անում է՝ իր վառված կամ չվառված «օնիկներին» այս կամ այն կերպ գործողությունների մեջ  ներմուծելու համար: Որքան էլ դա նյարդայնացնող լինի, չեմ կարծում, որ կոնկրետ այս պահին դրանից արժե չափից ավելի շատ անհանգստանալ: Դրանց զգալի մասը մակերեսի վրա է եւ հեշտ բացահայտվող, իսկ չբացահայտվողներին էլ հեշտ է տարբերել թեմայի անհարկի եւ անկապ քաղաքականացումից: Իհարկե, իրավիճակը դինամիկ է, եւ շատ բան կարող է հընթացս փոխվել: Բայց ամեն դեպքում, եթե մտահոգված եք իշխանական օնիկներով, ապա դրանց չեզոքացնելու լավագույն տարբերակը հենց գորոծողություններին մասնակցելն է:  

Եկավ այն պատմական օրը, երբ ես պետք է չքաղաքականացնելու կոչ անեմ

 

Մի քիչ տարօրինակ է ինձ համար գրել քաղաքականացման դեմ, բայց տվյալ դեպքում դա անհրաժեշտ է: Բացատրեմ, թե ինչ  նկատի ունեմ՝ անհարկի քաղաքականացում ասելով: Իհարկե, բոլորիս, կամ գոնե հասարակական գործընթացների որոշ փորձ ունեցողներիս պարզ է, որ էությամբ խնդիրը քաղաքական է, որ Հայաստանում գրեթե չկան զուտ տնտեսական որոշումներ, որ բոլոր կարեւոր որոշումները, այդ թվում՝ սոցիալական բնույթի, կայացվում են բարձր քաղաքական մակարդակով: Այդ ամենը պարզ է: Բայց տվյալ դեպքում, նախ, դրա մասին չէ խոսքը: Անհարկի քաղաքականացումը դա չէ, այլ քաղաքացիական եւ քաղաքական պայքարների անհիմն հակադրումը, ծավալվող գործողություններից կողմնակի միավորներ հավաքելու փորձերը, կամ էլ՝ ծավալվող շարժման յուրացման փորձերը: Քաղաքացիական շարժման համար կա երկու վտանգ՝ իշխանության քարոզչամեքենայի կողմից, եւ քաղաքական ընդդիմադիր կամ ընդդիմադիր ներկայացող տարբեր խմբերի կողմից: Սա ասում եմ առանց վարանելու՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ սրա բացատրությունն էլ կտամ:

            Իշխանական քարոզչության կողմից հիմնական վտանգը մնում է քաղաքացիական շարժումը քաղաքական անցանկալի ուժերին հարվածելու նպատակով որպես առիթ օգտագործելը: Հնարները հայտնի են եւ պարզունակ: Մի կողմից՝ բա ո՞ւր են քաղաքական ուժերը, նրանք լքեցին քաղաքացուն, եւ այլ անկապ տռա-լյա-լյաներ, մյուս կողմից էլ …. նրանք մասնակցելով՝ փչացնում են մաքուր, զուլալ պայքարը: Ու կարեւոր չէ, որ այստեղ հակասություն կա, որովհետեւ ստացվում է, որ չմասնակցելո՛վ էլ վատն են, մասնակցելո՛վ էլ: Պարզ է նաեւ, որ փորձելու են քաղաքացիական ակտիվիստերին ներշնչել իրենց գլխից վեր, պաթետիկ, անկապ հույսեր՝ փորձելով շեղել շարժումը շատ կոնկրետ նպատակից դեպի «գլոբալ», «գեոպոլիծիկ», զահար-զիբիլ եսիմ ինչ: Ես հուսով եմ, որ այս անգամ քաղաքացիական ակտիվիստները նման պարզունակ հնարքների կուտը չեն ուտի: Սա՝ իշխանության կողմից:

            Մյուս կողմը քաղաքական ուժերն են: Սրանց մեջ էլ, բնականաբար, կան ու կլինեն տեղի ունեցող անհարկի քաղաքականացնել ցանկացողները: Այստեղ ավելանում են եւս մի քանի հնարքներ: Նախ՝ խփել քաղաքական մրցակիցներին: Երկրորդ՝ փորձել ակտիվ քաղաքացիների հաշվին ընդլայնել կամ էլ որոշ դեպքերում՝ զրոյից ստեղծել սեփական թիմը, այլ կերպ ասած՝ «մարդաորսով» զբաղվել՝ մենք բոլորից շուստրի ենք տարբերակով:

Ոչ մի շեղում  կոնկրետ օրակարգից

 

Ի՞նչ անել:

Նախ՝ քաղաքական ուժերի մասով: Նորմալ, գիտակից քաղաքական ուժը, որն ունի սեփական թիմ եւ քաղաքական պահի կոնկրետ ծրագիր, մարդաորսությամբ չի զբաղվի, ոչ էլ՝ լոզերը կթափի ինքնաբուխ քաղաքացիական ակտիվության դրսեւորումներից՝ «արի սրանց ինձնով անեմ» թեմայի մեջ: Շատ լավ հասկանալով, որ քաղաքացիական եւ քաղաքական պայքարները տարբեր են իրենց նպատակներով, մեթոդներով, մարտավարությամբ եւ որոշ նրբություներով, քաղաքական ուժը կփորձի իր ռեսուրսներով աջակցել քաղաքացիական շարժմանը, բայց երբեք իրեն թույլ չի տա խառնվել ներքին գործերին, օրակարգեր թելադրել, նեղանալ եւ այլն: Բնականաբար, ամեն բան հակառակը կարող է լինել բարդույթավորված, անթիմ եւ անծրագիր քաղաքական մակաբույծների պարագայում:

            Քաղաքացիականների մասով: Եթե իրենց քաղաքացիական գիտակցող խմբերն ու անհատները հստակ հետեւեն՝ կոնկրետ խնդրի լուծումից չշեղվելու կանոնից, ապա ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր մակաբուծական շրջանակները չեն կարողանա մեծ հաջողությունների հասնել իրենց ստվերային նպատակներում: Զավեշտալին այստեղ այն է, որ երկու՝ առաջին հայացքից հակադիր կողմերը նույն լեզուն են կիրառում քաղաքացիականների նկատմամբ՝ փորձելով «գլոբալացնել» կոնկրետ հարցի շուրջ շարժումը: Սա մասամբ գալիս է քաղաքացիական եւ քաղաքական մեթոդների չհասկանալուց, մասամբ էլ՝ գիտակցված սեւ քարոզչական նպատակներից: Եթե շարժումը նպատակ է դրել տրանսպորտի գինը 100 դրամի վերադարձնել, կամ որեւէ այլ կոնկրետ նպատակ, ուրեմն, նա պետք է հետապնդի այդ կոնկրետ նպատակը եւ չշեղվի դես ու դեն, եթե, իհարկե, բուն գործողության ներսում, քննարկման արդյունքում չի հասունանում նոր կոնկրետ օրակարգ: Կարեւոր է, որ օրակարգերը հասունանան ներսից, բնականոն կերպով, եւ հիմքում ունենան այս պահի իրական ռեսուրսների հաշվարկ, այլ ոչ թե ձեւակերպվեն բարդույթավորված «ձաձաների» կողմից՝ կողքից:

 Քաղաքացիականն ու քաղաքականն իրար մրցակից չեն

 

 

            Որպեսզի այս խնդիրները ավելի հասկանալի դառնան ընդհանուր տեսական լույսի ներքո, պետք է մի երկու խոսքով ավելի հստակ հասկանանք քաղաքացիական եւ քաղաքական պայքարների տարբերությունները, յուրաքանչյուրի առավելություններն ու սահմանափակումները:

            Քաղաքացիական պայքարը կարող է դնել եւ լուծել կոնկրետ խնդիրներ կոնկրետ սահմանափակ ժամանակահատվածում: Դրա շնորհիվ նա կարող է գործել ավելի սահմանափակ ռեսուրսների, ավելի թույլ կազմակերպվածության, եւ ավելի լայն համախմբման պայմաններում, բայց հենց դրա պատճառով էլ չի կարող չափից ավելի լայն խնդիրներ հետապնդել: Եթե քաղաքացիական շարժումն արհեստականորեն դնի իր առջեւ քաղաքական ավելի ընդհանուր խնդիրներ, ապա նա բախվելու է նույն պրոբլեմների հետ, ինչ ցանկացած քաղաքական ձեւաչափ. անհրաժեշտ է ավելի երկարատեւ պայքար, քաղաքական պահի հստակ ծրագիր եւ հաշվարկ, ավելի մեծ ռեսուսներ, ավելի ամուր կազմակերպվածություն եւ այլն: Մյուս կողմից, եթե քաղաքացիական շարժումը ինքնածավալման միջոցով հասնի զանգվածայնության իքս շեմի, ապա նա բնականից, ներքին գործընթացի արդյունքում կքաղաքականացվի՝ անկախ կողքի ձաձաների ցանկությունից, եւ այս դեպքում էլ, բնականաբար, կբախվի նույն խնդիրներին: Դժվար չէ նկատել, որ քաղաքացիական պայքարի այս առանձնահատկությունները կախված պայմաններից կարող են ե՛ւ առավելություն լինել, ե՛ւ՝ թուլություն: Կոնկրետ մեր դեպքում, եթե տրանսպորտի ուղեվարձի շուրջ պայքարը ձեւակերպի «գլոբալ» քաղաքական օրակարգեր, կամ թույլ տա, որ իրեն օգտագործեն այլեւայլ խմբերի պայքարում, ապա նա շատ արագ կսպառի իրեն՝ ռեսուրսների պակասի, կազմակերպչականության թուլության եւ ներքին պառակտումների շնորհիվ: Արդյուքնում եւ քաղաքացիական գործողությունը կվերանա, եւ խելոք ձաձաները ոչինչ չեն ստանա:

            Քաղաքական շարժումն ունի այլ առանձնահատկություններ: Նա կարող է եւ պետք է ստեղծի ավելի ընդհանուր օրակարգեր եւ մասնավոր հարցերը ներկայացնի այդ օրակարգերի մեջ: Նա պետք է պատրաստ լինի ավելի երկարատեւ դիստանցիայի եւ համապատասխանաբար պետք է ունենա ավելի մեծ ռեսուրսներ, ավելի ամուր կազմակերպվածություն, ավելի ամուր թիմ, որը միավորված է ոչ միայն պահի կոնկրետ խնդրի, այլեւ՝ ավելի ընդհանուր արժեքների շուրջ:

Հակառակ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ որսալ ցանկացող իշխանական եւ ընդդիմադիր մակաբույծական շրջանակների, քաղաքացիական ու քաղաքականն իրար մրցակից չեն, իրար խանգարող չեն, իրար այլընտրանք չեն եւ իրար հետ հետեւաբար որեւէ խնդիր պետք է չունենան: Նրանք ունեն տարբեր նպատակներ, տարբեր ուղիներ, թեեւ նրանց օրակարգերը հաճախ հատվում են: Բայց այդ հատման տարածքը բնականից համագործակցության տարածք է, այլ ոչ թե թշնամանքի, որովհետեւ, ինչպես ասացի, նորմալ դեպքում մրցակցության հարց այստեղ չկա: Ուրեմն, եւս մեկ անգամ արձանագրենք՝ կեղծ քաղաքականացումը, քաղաքացիականի հակադրումը քաղաքական պայքարին, քաղաքացիական գորողությունների անհարկի «գլոբալացումը» եւ այլ «գեոպոլիծիկ» հիստերիզմները սպանելու է բուն գործողությունը: Հանգիստ, հանդարտ, վստահ պետք է տանել գործն առաջ եւ ցանկացած սադրանք ճանաչել նախ դրա անհամարժեք հիստթերիկ ոճից:

 

Հ.Գ.    Էժան սադրիչներին տարեբարակելու մի քանի գործնական խորհուրդ:

            1. Առիթ բռնելով քաղաքացիական գործողության թեման՝ կպնում են իրենց չսիրած քաղաքական ուժին կամ մարդուն (բա ո՞ւր են, մենակ դրանք էին պակաս, նրանք սադրում են եւ այլն: Ձեւերը բազմազան են, բայց իմաստը նույնը):

            2. Առիթ բռնելով քաղաքացիական գործողության հաջողությունները՝ չափազանցված ոճով գովաբանում է այն, քծնում, փորձում է խաղալ մասնակիցերի փառասիրության հետ, որակում տեղի ունեցածը որպես աննախադեպ, պատմական, հասցնում է մոտավորապես Մեծ Մասիսի գագաթ ու հետ իջեցնում՝ ուղղակի կամ անուղղակի փորձելով անցկացնել այն միտքը, որ շարժումն ունի շատ գլոբալ հեռանկարներ եւ կարող է լուծել երկրի բոլոր հարցերը եւ այլն:

            3. Զգուշացնում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են օգտագործել շարժումն իրենց նպատակներով, բայց չի հիշատակում կամ անտեսում է այն փաստը, որ նույնը կարող է անել իշխանությունը:

 Մուտիլովկայի լավ, թարմ օրինակ. լրագրողը հարցնում է «քաղաքացիական տարբեր խմբերի ոտքի են հանել, սակայն նրանց միավորող եւ առաջնորդող քաղաքական ուժ չկա:» Այս հարցն ավելի քան տիպիկ է եւ պարունակում է առնվազն երկու ծուղակ: Քաղաքացիականներին «բարձրացնում» են, որպեսզի կպնեն քաղաքական ուժերին, չնայած ցանկության դեպքում ամեն ոք կարող է համոզվել, որ գոնե որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շատ ակտիվ մասնակցում են գործողություններին, հաճախ էլ՝ առաջին գծում են, բայց որպես քաղաքացիներ, որպեսզի նաեւ չվնասեն շարժմանը: Երկրորդ՝ անուղակի պնդում կա, որ քաղաքացիական պայքարը պետք է առաջնորդվի քաղաքական ուժի կողմից, այսինքն՝ քաղաքացիականի ինքնավարությունը ժխտվում է, հարցն՝ անհարկի քաղաքականացվում: Այսինքն՝ մի կողմից քաղաքացիականներին քծնում են, մյուս կողմից մատնում իրենց հովանավորչական վերաբերմունքը նրանց նկատմամբ:

 

Հրանտ Չարչարենց

 

 

           

           

            

Նախորդ հոդվածը‘Իրանական կողմը հաստատել է Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը դիմել է Տարոն Մարգարյանին. Գծատերերի ցանկ’