‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Դիակը բացառում է որևէ կոմպրոմիս’

3361

— Ինչպե՞ս կբնորոշեք ներքաղաքական ներկա իրավիճակը: 2008թ.-ի համեմատ ի՞նչը կառանձնացնեք:

— 2008-ի համեմատ՝ փոխվել է շատ-շատ բան թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհում: Փոխվել է միջավայրը՝ 2008-ին չկար արագ ինտերնետ, չկային սոցիալական ցանցեր՝ հասարակական հարցերի ակտիվ քննարկման հարթակներ, շատ թույլ էր համացանցային ԶԼՄ-ների դաշտը, և այլն, իսկ դա, անշուշտ, կարևորագույն միջավայրային փոփոխություն է հասարակական գործընթացների տեսանկյունից: Հետադարձ հայացքով եթե նայում ենք, ապա 2008թ. Հայաստանում այդ իմաստով  քարե դար էր: Բացի այդ, փոխվել են նաև քաղաքական դիսկուրսը, ներիշխանական դասավորությունը, իշխանական քարոզչության ձևերը: Իշխանության ներսում եղած բաժանումները և տարբեր թևերի մրցակցությունը շատ ավելի հստակ է և զգալի՝  քան նախկինում: Իշխանական քարոզչությունը՝ պայմանավորված և՛ ինտերնետի բուռն զարգացմամբ, և՛ ներիշխանական մրցակցության սրացմամբ, լուրջ փոփոխություններ է կրել՝ այն նախկին «տապորային» հակաքարոզչությունը չէ, որի գլխավոր թեմաները մութ ուժերի դավադրություններն էին և «թշնամու ջրաղացը»: Այդ դիսկուրսն, իհարկե, պահպանվել է, բայց ավելի ու ավելի լուսանցքային դերում է հայտնվում: Այժմ իշխանության այս կամ այն թևի կողմից հովանավորվող բազմաթիվ, հատկապես՝ համացանցային ԶԼՄ-ներ կան, որոնք խոսում են ընդդիմադիր, հաճախ՝ նույնիսկ արմատական լեզվով, որն էլ, ինչպես ասացի, մասամբ բացատրվում է ներիշխանական մրցակցությամբ, մասամբ էլ՝ հասարակական միջավայրի ընդհանուր փոփոխմամբ: Եվ իշխանական քարոզչությունն էլ մի կողմ թողած, եթե ուշադիր լինեք, ապա խոշոր ուժերից և խաղացողներից ոչ ոք այլևս պաշտոնական մակարդակով չի խոսում նախկին իշխանական լեզվով: Համընդհանուր տարածում է ստացել ընդդիմադիր լեզուն, կարելի է ասել՝ 2008թ. Հրապարակի լեզուն: Պարզ է, որ ընդդիմությունն է դրանով խոսում, բայց, եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության մեծ մասը՝ ելույթները և հոլովակները, կառուցված էին այնպես, կարծես նա ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր թեկնածու է: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներում խոսում է նույն այդ լեզվով: Բոլոր ցանցային ԶԼՄ-ները, ում կողմից էլ հովանավորվեն՝ նույն լեզուն են օգտագործում: Որքան էլ սա համարենք ձևական, սակայն, դա վերջին տարիների ուժգին հասարակական ակտիվության շոշափելի արդյունքներից կարելի է համարել: Այս ամենը, մի կողմից՝ նպաստավոր էր որևէ ընդդիմության համար 2013թ. ընտրությունների շրջանակում (կոնտեքստում), բայցև մյուս կողմից՝ մարտահրավերներ պարունակող էր:

Կարելի է բազմաթիվ տարբերություններ գտնել 2008թ. և 2013թ. նախընտրական և հետընտրական իրավիճակների միջև, բայց դրանք մանրամասներ են, որոնք մեզ կշեղեն առկա իրավիճակից: Միայն նշեմ, որ այն «բանասիրական» մակերեսային տարբերությունները, որոնք հաճախ նշվում են կամ էլ ակնարկվում են այսօր շատերի կողմից՝ բարու և չարի և նման՝ քաղաքականի հետ կապ չունեցող, մակերեսային, բաբոյական բաների մասին խոսակցություններում, բացարձակ անլուրջ են և նույնիսկ քննարկման արժանի չեն:

— Հեղափոխության սցենար տեսնո՞ւմ եք:

— Այս դեպքում ևս կրկին առիթ է ստեղծվում՝ վերադառնալ 2008-ի հետ համեմատությանը: Աշխարհում հայտնի է խաղաղ,  ոչ զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է հանրահավաքներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ գործադուլներ, դասադուլներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է` ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե ժողովուրդը մեծամասնություն է: Միայն հայ քաղքենի մտավորականության մշուշոտ և անպատասխանատու երազանքներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու սցենարը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական հղացքը (կոնցեպտը), համաձայն որի` ժողովուրդը (ընդ որում՝ դրա չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային ապստամբությունները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: Հեղափոխոթյունը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով): Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա Բաղրամյան 26-ի գրոհը չէ, ոչ էլ ինքնանպատակ երգ ու պարը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: Բռնապետությունն` ըստ սահմանման, պետք է բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան ժողովուրդը: Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Եգիպտոսում, Թունիսում: Որտեղ  դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ Լիբիա, Սիրիա, որն արդեն լրիվ այլ սցենար է, և որևէ մեկը Հայաստանում ո՛չ կարող է դրա պատասխանատվությունը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի: Երբ տեղի է ունենում զանգվածային մոբիլիզացիա և կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս մարդիկ և խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են Հրապարակի կողմը, կա՛մ էլ ներսում սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված ապստամբությունն է: Եթե որևէ մեկը մեզանում դա խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի: Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին Բաղրամյան 26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր զոհերի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: 2008թ. մեզանում փորձ արվեց դասական խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում իշխանությունը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց Մարտի  1-ով: Չնայած դրան, Մարտի  1-ից հետո հաջողվեց պահել Շարժումը միայն այն բանի շնորհիվ, որ ընդդիմությունը խուսափեց ուղիղ ճակատամարտի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» հաղթանակ:

2013-ին թվում էր, թե իրավիճակն է՛լ ավելի բարենպաստ կարող էր լինել, որովհետև ներիշխանական հակասությունները շատ ավելի սուր էին՝ քան 2008-ին: Բայց տեսնենք, թե առաջադեմ հայ մտավորականության մի մասն ի՞նչ եզրակացություններ արեց նախորդ փորձից և ի՞նչ առաջարկեց: Մի կողմ դնելով աշխարհի փորձը, որոշեցին, այսպես ասած, հեծանիվ հորինել: Այսինքն՝ Հայաստանում, ուր նույնիսկ մի հատ ստից տեխնիկական դետալի գյուտ չի արվում, միանգամից աշխարհում չտեսնված «ծիխնալոգիա» պիտի ստեղծվի: Դե, «Արմենիկումի» պատմությունը ձեզ փեշքեշ: Հանրահավաքները և առհասարակ դասական քաղաքական մոտեցումները հռչակվեցին հնացած, հռչակվեց «ապակենտրոնացված», «ցանցային», «լիդերների հետ կապ չունեցող», ըստ էության՝ ապաքաղաքական պայքարը` որպես «նոր խոսք»: Այս ամենը բարբաջվեց դեռևս նախընտրական շրջանում: Ոչ ոք չասաց, որ, եթե նպատակն իշխանափոխությունն է, ապա դրան հասնելու ապաքաղաքական միջոց չկա: Իշխանության վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» մամուլը, կարելի է ասել, կյանքի գնով ձևակերպեց և տարածեց այս դիսկուրսը՝ ոչ միայն ինքն օրական տասը տեքստ ստեղծելով այս թեմայով, այլև ամեն գնով խրախուսելով ազնիվ քյարփինջների նույն թեմայի մեջ բարբաջանքը, որի շնորհիվ բազումներն իրենց զգացին շատ կարևոր դեմքեր: Հոգեբանական հնարը շատ պարզ էր՝ ով խոսում է դասական քաղաքականի մասին՝ հին մարդ է, իսկ  ո՞վ է ուզում լինել հին, չէ՞ որ կարելի է լինել մոդայիկ, «կրեածիվ», ապագայի մարդ: Ի՞նչ էին, մեծ հաշվով, ասում և հիմա էլ ասում են այդ մարդիկ: Պատկերավոր ասած՝ նրանք ասում են, որ եթե Պողոսը մի քանի անգամ փորձել է չաքուջով մեխ խփել պատի մեջ, և դա չի ստացվել, ուրեմն չաքուջն այլևս հնացած գործիք է մեխ խփելու համար, ու պետք է նոր մեթոդներ գտնել, օրինակ, ձեռքով կամ գլխով մեխել կամ, չգիտեմ, կախարդանքով, և այլն: Թքած, որ Պետրոսը, Հովհաննեսը և Բարդուղիմեոսը չաքուջով հազար մեխ են խփել, թքած, որ կարող ա Պողոսը մեխը խփում էր շատ ամուր պատին, կամ նրա մեխը ծուռ է եղել, կամ ինքը թույլ է խփել: Այս ամենն աննախադեպ, աշխարհում չտեսնված պարզունակ էմպիրիզմ է՝ փորձից ամենապարզունակ դատողություններ և եզրակացություններ անելու կարողության իսպառ բացակայություն՝ ցնորքի սահմանին:

Ինչպե՞ս դա անդրադարձավ հետընտրական պայքարի վրա: Հենց սկզբից Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվեց երկու ընտրության միջև՝ գնալ դասակա՞ն ճանապարհով, թե՞ «առաջադեմների» միացյալ ճակատի «կրեածիվով»: Ըստ էության, յուրահատուկ պայքար ծավալվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համար, և նա արեց քայլեր, որոնք մե՛րթ այս կողմին էին ոգևորում, մե՛րթ այն: Ըստ դասականի կողմնակիցների՝ նա պետք է հենց առաջին օրվանից ամեն գնով ամրացներ Հրապարակը և ձգտեր զանգվածային մոբիլիզացիայի: Դրա համար պետք էր ուժերի կենտրոնացում: Իսկ դա նշանակում է՝ հստակ ձևակերպված քաղաքական խոսք, որն է՝ սեփական հաղթանակի հռչակում, գործող նախագահի հրաժարականի պահանջ, շուրջօրյա հանրահավաքներ, արագ քաղաքական խորհդակցություններ առկա բոլոր քաղաքական ուժերի հետ, և այլն: Դրանից հետո նոր կարելի էր մտածել իշխանության և արտաքին ուժերի հետ բանակցությունների և Հրապարակի ընդլայնման մասին՝ դասադուլների, մարզային այցելությունների և այլնի միջոցով: Կարևորագույն պայմաններն են՝ նախևառաջ Հրապարակում մշտական և մեծաքանակ ներկայություն և հստակ քաղաքական լեզու (ոճը կարևոր չէ՝ բարի կամ չար, կոշտ կամ մեղմ, կարևորը հստակությունն է): Այդ պայմաններում մյուս քաղաքական ուժերը, ուզած թե չուզած, պետք է քեզ միանային, իշխանությունը կզգաստանար, իսկ արտաքին ուժերը շատ ավելի զգույշ կպահեին իրենց, այլ ոչ թե այնպես ձեռ կառնեն, ինչպես այսօր հենց ձեռ է առնում ԵԺԿ նախագահը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության.- Մ.Մ.): Նա երբեք դա չէր անի այն պայմաններում, եթե ձևավորվեր հստակ ուժի բևեռ: Սա չարվեց, թեև որոշ քայլեր այդ ուղղությամբ կատարվեցին, բայց բավականին անկանոն, անհետևողական և հաճախ՝ մեծ դադարներով: Օրինակ, առաջին օրը հայտարարվեց, որ Րաֆֆին մնում է Հրապարակում, բայց հետո դա անհետևանք անցավ-գնաց: Երկար գցել-բռնելուց հետո դիմեցին Սահմանադրական դատարան (ՍԴ), բայց պարզվեց՝ նախօրոք, նախընտրական շրջանում առանձնապես շատ բան արված չէ ՍԴ-ում ավելի համոզիչ ներկայանալու համար: Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ եղան, բայց՝ մեծ ուշացմամբ ու այն պայմաններում, երբ արդեն պարզ էր, որ Հրապարակում պաշտոնապես ստացած 500.000 ձայների 1-2 տոկոսն է հավաքվում մոտավորապես, այլ ոչ թե գոնե դրա, ասենք, մեկ քառորդը: Սերժի հրաժարականի պահանջ դրվեց, բայց մեծ ուշացումով ու նույնիսկ այդ դեպքում էլ ինչ-որ «կրեածիվ»՝ ինքնաբացարկ բառով, չնայած մարզպետների դեպքում շատ հստակ հրաժարական էր պահանջվում, այն էլ՝ «ռադ եղեք»-ի համեմմամբ: Այս բոլորը մանր ինչ-որ պրետենզիաներ չեն: Սա քաղաքական պայքար է, և ամեն մանրուք պետք է լինի մտածված, հետևողական: Այս ամենի արդյունքը Հրանտի կամ մյուսի նեղվելը չէ, այլ կիսադատարկ Հրապարակը: Թե չէ, եթե մենակ Հրանտը նեղվեր ու քթիմազություն աներ, դրանից երկրում ոչինչ չէր փոխվի, որովհետև Հրանտը վճռորոշ ուժ չէ իր տանից ու իր ֆեյսբուքյան մի 3000-անոց էջից դուրս:

Գործընթացի ծավալման սկզբից ակնհայտ էր, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող ցանցային մամուլն անհանգստանում էր մեկ բանից՝ պայքարի քաղաքականացումից (չնայած անհեթեթ է ինքնին, որ իր բնույթով քաղաքական պայքարը պետք է ապաքաղաքականացվեր)՝ Հրապարակային մոբիլիզացիայից, քաղաքական ուժերի համախմբումից: Եվ հակառակը՝ առաջին օրվանից նրանք առաջարկեցին պայքարի «ոչ դասական», կեղծ քաղաքացիական, իրենց լեզվով ասած՝ «ժողովրդական շարժման» «ապակենտրոնացված» մոդելը, որը, բնականաբար, որևէ քաղաքական վտանգ չի կարող ներկայացնել իշխանությանը, և դեռ մի բան էլ ավելի՝ իշխանության թևերից մեկը, որն էլ այդ մամուլի հայտնի հովանավորն է, կուզենար դա օգտագործել իր նպատակների համար, որպես մասովկա՝ «հեղափոխություն վերևից» իր սցենարի շրջանակներում, որի նպատակն է՝ սեփականության վերաբաշխումը: Այս մոդելի տրամաբանության մեջ, մի կողմից՝ խիստ քննադատվեցին Րաֆֆիի բոլոր քաղաքական քայլերը, մյուս կողմից՝ խրախուսվեցին բոլոր «կրեածիվները»՝ մարզային այցելություններ, «բարի» լեզու, մարզպետների հրաժարականների պահանջներ, և այլն: Կասե՞ք՝ ինչո՞վ էին վատ մարզային այցելությունները: Տեսականորեն ամեն բան էլ լավ էր՝ և՛ մարզային հանդիպումները, և՛ դասադուլը, բայց դրանք բոլորն օդում կախված և անարդյունք մնացին, որովհետև չկար Հրապարակում պայքարի կենտրոն, չկար մշտական ներկայություն, չկար ուժի բևեռացում: Սա էլ առաջադեմների գովերգած ապակենտրոնացումն էր: Այսինքն՝ ոնց որ ունենաս զորքի թևերը, բայց չունենաս կենտրոն: Թևերն իմաստ են ստանում կենտրոնի առկայության դեպքում, իսկ անկենտրոն թևերը միայն ֆեյսբուքյան աղմուկ կարող են հանել կամ ֆոն ծառայել ուրիշի ծրագրերի նախագծման համար: Կենտրոնը, կրկնեմ, միայն հետևյալը կարող էր լինել՝ զանգվածային մոբիլիզացիա և մշտական ներկայություն Հրապարակում, նաև հստակ տեքստ՝ կարևոր չէ՝ ի՞նչ ոճի: Առանց տեքստի հեղափոխություն չի լինում: Դրա համար էլ, ի դեպ, չքավոր զանգվածների սոցիալական բունտը միֆ է, որովհետև այն չի ունենում տեքստ: Այս ամենի գագաթնակետը եղավ հացադուլը, կամ, գլխավոր հերոսի լեզվով ասած՝ կեղծիքադուլը, ստադուլը, և այլն:

— Քաղաքական կոնցեպտի տեսակետից ինչպե՞ս կգնահատեք Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի դիմելու քայլը: Կարծիք կա, որ այն պայմանավորված էր  քայլերի հաջորդականության և ասելիքի բացակայությամբ:

— Դե, երբ խոսք բացվեց դիակի մասին, ապա այդ պահից, ըստ իս, քաղաքական գործընթացն ավարտվեց: Չեմ ասում`սա վատ է կամ լավ: Բայց սա փաստ է: Քաղաքականությունն ա՛յս աշխարհի հետ գործ ունի և դնում է ա՛յս աշխարհում և ա՛յս աշխարհի գործիքներով՝ կոնկրետ, շոշափելի նպատակներ: Իսկ դիակն անդրաշխարհից է, այն անդրանցական է (տրանսցենդենտ): Հետևաբար՝ իրավիճակը բանական վերլուծման վերահսկողությունից դուրս է գալիս և դառնում է բացարձակ ապաքաղաքական, ինչ-որ տեղ՝ կրոնական: Ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում քննարկել, թե ի՞նչ կլինի, եթե, Աստված մի արասցե, Րաֆֆի Հովհաննիսյանը վախճանվի: Կարծում եմ` ոչ ոք այդպիսի բան իրավունք չունի քննարկելու: Բայց հենց դրա համար էլ վիճակը քաղաքական վերլուծությունից դուրս է, քննարկման ենթակա չէ: Սա նույնիսկ բարոյականից դուրս իրավիճակ է, քանի որ, կրկնեմ, նույնիսկ դա քննարկելն է անբարոյական: Միայն ասեմ, որ ես նույնիսկ վատագույն տարբերակում չեմ տեսնում այս ամենի դրական (կոնկրետ, շոշափելի) քաղաքական արդյունքը: Ի վերջո, ի՞նչ է ստացվում` գնամ կախվեմ, որ զոքանչին վատ լինի:

Ուրեմն, մնում է քննարկել այն իրավիճակները, որտեղ հացադուլի արդյունքում դիակ չկա: Նախ՝ գլխավոր հարցը. Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ հացադուլի արդյունքում: Կարծում եմ՝ ո՛չ: Եվ պատճառը Սերժի լավ կամ վատ լինելը չէ, այլ այն, որ հացադուլը չի խախտում ուժային հավասարակշռությունը, և Սերժի համար իրական մեծ վտանգ չի ստեղծում: Լավագույն դեպքում կարելի է պայմանավորվել ինչ-որ հարցի շուրջ, ասենք՝ ԱԺ ընտրություններ, սա էլ՝ լավագույն դեպքում: Հիմա Րաֆֆիի շուրջ գտնվողներից շատերն ասում են, թե՝ բա հերթը ժողովրդինն է: Այսինքն՝ իրենք էլ հասկանում են, որ միայն հացադուլով նպատակի չես հասնի, պետք է հրապարակային մոբիլիզացիա, պետք են զանգվածներ Հրապարակում: Բա այդ դեպքում ինչո՞ւ նույն նպատակը չէր կարելի դնել և փորձել իրագործել ավելի շուտ՝ «կրեածիվ» խաղալու փոխարեն: Ընտրություններից արդեն մի ամիս է անցել, իսկ մենք լեփ-լեցուն հրապարակ չտեսանք, և սա՝ այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով ընդդիմադիր թեկնածուն ստացել է ավելի ձայն, քան նախորդ որևէ ընտրություններում ստացել է որևէ հիմնական համարվող ընդդիմադիր թեկնածու, և սա, ի դեպ, իշխանամետ մամուլի հպարտության առիթն էր և է՛: Դուք հիշո՞ւմ եք 2008-ի Հրապարակը, հիմա ո՞նց չհամեմատենք: Բացի այդ, բաց թողնվեց կարևոր պահը՝ ՍԴ լսումները: ՍԴ-ն պաշտոնապես փակեց հենընտրական շրջանը, բոլորը, ովքեր կարող էին, շնորհավորեցին Սերժին, իսկ դուք նո՞ր եք գլխի ընկել, որ ժողովուրդը պետք է իր խոսքն ասի: Ձե՞ռ եք առնում, տղերք: ՍԴ-ն պետք է իր նիստն անցկացներ զանգվածային մոբիլիզացիայի պայմաններում, նրա դահլիճը թնդար, իսկ դուք ասում եք՝ հերթը ժողովրդինն է: Ինչպես միշտ, հենց մի բան այն չէ, պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, որն, ի դեպ, իր վճռական քայլը միշտ էլ անում և արել է: Բա ընտրություններին ժողովուրդը չէ՞ր, որ իր քայլն արեց: Հերթը, սիրելիներս, ձե՛րն է, այլ ոչ թե ժողովրդինը: Լավ, ենթադրենք՝ հիմա եք որոշել դառնալ ի շրջանս յուր և ցանցային խաղերից հետո՝ հրապարակային լայն մոբիլիզացիա անել: Իսկ ո՞վ ասեց, որ հացադուլը դրա լավագույն միջոցն է: Կա հակառակ կարծիքը՝ հացադուլն անձնական պայքարի միջոց է: Սրա մասին շատ լավ գրել է Արեգ Գևորգյանը, և խորհուրդ եմ տալիս պարզապես կարդալ:

Տեսեք, ի՞նչ է տեղի ունենում: 2008-ին և 2011-ին ընդդիմությունը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ վրաններ տեղադրեց Հրապարակում, իսկ այսօր մեկ վրանի շուրջ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում: Ինչո՞ւ: Որովհետև պարզ է, որ մեկ վրանով դու ուժային հավասարակշռություն չես խախտում, հետևաբար՝ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ խոչընդոտել քեզ՝ առանց մեծ ռեսուրների ներգրավման և ընդամենը թեթև, տեղական մասշտաբի աղմուկ հանող քայլով: Իսկ 100 վրանը Հրապարակից հանելը պահանջում է արդեն լրիվ այլ ծավալի ուժային գործողություն և այլ կարգի միջազգային աղմուկ: Դրա համար իշխանությունը կգնա այդ քայլին, միայն, եթե դրա վնասները չգերակշռեն կորուստը: 2008-ին իշխանությունը ջարդեց վրանային քաղաքը, որովհետև իշխանության կորստի իրական վտանգ զգաց, այլապես երբեք չէր գնա նման քայլի, որովհետև ոչ մեկին էլ պետք չէ այն գլխացավանքը, որ առաջանում է նման դեպքերում: Իսկ 2011-ին նման վտանգ չկար, և նա վրանային քաղաքը թեև չկարողացավ կանխել, արգելել, բայց ոչ էլ ցրեց, որովհետև դա այդ պահին իշխանության կորստի վտանգի չբերեց: Հիմա  այդ մի վրանից էլ հրաժարվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բա ի՞նչ ժողովրդական մոբիլիզացիայի ակնկալիք ունեն նրա կողմնակիցները:

Էլ չեմ ասում հացադուլի հետ կապված բազում այլ հարցերի մասին: Մենք ունենք հացադուլի փորձ վերջին շրջանում: Դա առաջադեմ մտավորականության մաքուր նախագիծն էր, «կրեածիվն» էր: Այդ մարդիկ ամենայն լրջությամբ մտածում էին, որ իրենք Մաշտոցի պուրակում ինչ-որ բանի էին հասել ու հիմա դա պետք է տեղափոխեն քաղաքական դաշտ ու հաջողության հասնել: Տեսանք, թե ինչո՞վ ավարտվեց այդ ամենը: Զրոյական արդյունք: Բայց խրատվող չկա: Էլի «Արմենիկում» են ուզում գտնել: Իհարկե, այսօրվա իրավիճակն այլ է, բայց, միևնույն է, սեփական փորձից որոշ դասեր քաղել կարելի է:

— Ինչո՞ւ է ՀԱԿ-ը պասիվ այս փուլում: Ինչո՞ւ չհամախմբվեց Ր. Հովհաննիսյանի պահանջի շուրջ` չէ՞ որ տարիներ շարունակ ՀԱԿ-ը պայքարում էր ավազակապետության դեմ:

— Նախ՝ արձանագրենք մի քանի կարևոր փաստ: Այս պահին խոշոր քաղաքական առաջնորդներից միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է ճանաչել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ընտրություններում: Բացի նրանից, դա արել են մի քանի գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, ովքեր 2008-ի հետ առնչվող մարդիկ են և քաղաքական լեզվին տիրապետում են, և Հայազն ազգայնական կուսակցությունը: Ուրիշ ոչ ոք ուղղակի և պաշտոնապես չի ճանաչել այդ իրողությունը: Շեշտում եմ՝ ոչ ո՛ք, այդ թվում, որքան էլ տարօրինակ է, նման բան չկա «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ հետընտրական վիճակի մասին (http://lragir.am/index.php/arm/0/country/view/79029)` այս տեքստի մեջ միակ ուղիղ արձանագրումն այն է, որ «Անգամ պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որևէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր», իսկ մնացածն անուղղակի բաներ են, և ով գիտի քաղաքական տեքստերի արժեքը՝ չի անտեսի այդ փաստը:

Ինքը՝ Րաֆֆին, խոսում է ժողովրդի հաղթանակի մասին: Սա ևս հայ առաջադիմականների մեջ առաջացնում է զգայացունց վերաբերմունք, ա՜խ, ինչպիսի իմաստուն և ժողովրդասեր խոսքեր: Իրականում սա, կներեք, անհեթեթություն է: Ժողովուրդը նախագահական ընտրությունների սուբյեկտը չէ: Նախագահական ընտրությունները շատ հստակ օրակարգ ունեն և հստակ սուբյեկտներ: Դրանցում կարող են հաղթել կամ պարտվել միայն նախագահի թեկնածուները և ուրիշ ոչ ոք՝ ներառյալ ժողովուրդը, ազգը, հայրենիքը, զույգ Մասիսները, Ծոփքի լիճը, զորավար Անդրանիկը և հրեշտակաց 9 դասերը: Սա նույնն է թե՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղում հաղթող հռչակվեն հանդիսականները կամ մրցավարը կամ պատահական անցորդները, այլ ոչ թե թիմերից մեկը: Ժողովուրդն ընտրողն է, ինչպե՞ս կարող է ընտրողը հաղթել: Ժյուրին կարո՞ղ է հաղթել: Իսկ ի՞նչ անել ընտրողների կամ ժյուրիի այն մասի հետ, որն ընտրել է այլ թեկնածուի: Նրանք ի՞նչ են արել. հաղթե՞լ, թե՞ պարտվել: Տեսնո՞ւմ եք՝ որքան անհեթեթ է հնչում, երբ ընդամենը մի երկու քայլ այն կողմ ես մտածում, և որքան կարևոր է՝ քաղաքական խոսքը հստակ ձևակերպել:

Ես չեմ էլ ուզում խորանալ այն թեմայի մեջ, որ առաջին իսկ օրից պարոն Հովհաննիսյանը կամ նրա կողմնակիցների մի մասն անընդհատ և ենթատեքստով խոսում են 2008-ի դեմ, ընդդիմադիր քաղաքական այլ ուժերի դեմ, ինչ-որ ինքնահաստատման բարդույթ ունեն, և այլն, կամ էլ, ասենք, մարդիկ են հայտնվում հարթակում, ովքեր 2008-ին իշխանության կողմում էին, իսկ հիմա հայտնաբերել են իրենց համար ընտրակեղծիքի երևույթը՝ լավ է, որ այդպես է, բայց վատ է, որ հաշվետվություն չեն տալիս հասարակությանը, թե ինչո՞ւ փոխվեց իրենց դիրքորոշումը: Երբ այս թեման բարձրացնում եմ՝ շատերին թվում է, թե հարցն այն է, որ Հրանտը նեղվում է: Նեղվելը քաղաքական ստորոգում չէ: Եթե քաղաքական թիրախդ հստակ չէ, և, եթե փորձում ես պայքարել երկու ճակատով՝ ինքնահաստատվելով և՛ որպես իշխանության, և՛ որպես նախկին կամ ներկա ընդդիմադիրների այլընտրանք (հիշեք «Ժառանգության» միակ հետընտրական պաշտոնական հայտարարության տեքստի միակ ուղիղ ձևակերպումը), ապա բացի քեզանից՝ ոչ մեկին չես վնասում, այլ նմանվում ես երկու աշխարհամարտերում երկու ճակատով պատերազմած և անխուսափելիորեն պարտված Գերմանիային: Պետք էր վաղուց կողմնորոշվել և անցյալում թողնել բոլոր բարդույթները և նեղվածությունները, զրոյացնել ամեն ինչ, այլ ոչ թե մի ոտքով հաճախորդիզմի մեջ մնալ, իսկ մյուսով՝ հեղափոխություն հռչակել: Բայց սա էլ մի կողմ:

Հիմա մոռանանք, թե ո՞վ՝ ո՞ւմ կողմնակիցն է, ո՞վ՝ ո՞ւմ է սիրում կամ չի սիրում, ո՞վ է լավն ու վատը, ո՞վ սխալ է արել կամ ճիշտ արել: Իրավիճակին նայենք անսքող, կողքի հայացքով: Քաղաքականությունը հուրի-փերիների մասին բարի հեքիաթ չէ, այլ, ինչպես ասացի, ուժի բալանս է: Ոչ ոք ոչ մեկին կոչերով չի կարող ստիպել ոչինչ անել: Թարգե՛նք էդ վիպականությունը: Ես սկզբում ասել եմ, որ անհրաժեշտ էր զանգվածային մոբիլիզացիա Հրապարակում, անհրաժեշտ էր կենտրոնացում, անհրաժեշտ էր դասական քաղաքական պայքար: Այդ դեպքում ոչ թե քո կոչերով, ոչ թե հանուն բարի աչքերի, ոչ թե քո կամ իրենց ցանկությամբ, այլ ուժի բևեռով պարտադրված՝ բոլորն էլ գալիս են միանում են քեզ, ավելին, տարբերակ չունեն չմիանալու, որքան էլ լավն ու վատը լինեն, սիրեն կամ չսիրեն: Հավաքի գոնե քո ընտրողների ոչ թե մեկ, այլ գոնե 10, 20, 30 տոկոսը Հրապարակում, և կտեսնես՝ ո՞նց չեն վազելու մոտդ մնացած ընդդիմադիր ուժերը, ո՞նց չեն համախմբվելու: Լևոնին 2007-ին քանի՞ հոգի էր սիրում: Բա ո՞նց եղավ համախմբումը: Բա ո՞նց ինքն իր նախաձեռնությամբ բոլորի մոտ գնաց՝ ուժերի, մարդկանց: Ուժի հարց էր՝ համախմբում եղավ, հետո նույն ՀԱԿ-ը թուլացավ, դուրս եկան: Խնդիրը ոչ թե Լևոնն է կամ Պողոսը, այլ Հրապարակում եղած ժողովուրդը, որը այսօր ոչ թե Լևոնին, այլ քեզ է ձայն տվել: Իսկ եթե ընտրվել է պայքարի «կրեածիվ», «ոչ դասական» ձևը, կներեք, բայց ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը գա-միանա դրան: Մի խոսքով, էլի ու էլի՝ ուժային բալանս և ուրիշ ոչինչ, մնացածը ռուսերեն ասած՝ «разговоры в пользу бедных»: Իսկ եթե կրեածիվ, ապա կրեածիվ էլ ստացի արդյունքում:

— Ի՞նչ կանխատեսելի զարգացումներ եք տեսնում ստեղծված իրավիճակում: Ո՞րն է ելքը:  Հնարավոր համարո՞ւմ եք  Ր. Հովհաննիսյանի` իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալը:

— Ախր, վախենամ, թե կոմպրոմիսի ռեսուրս էլ չի մնացել: Էլի նույն ուժային հավասարակշռության խնդրին պետք է վերադառնանք: Ինչի՞ դիմաց պետք է կոմպրոմիսի գնա իշխանությունը, ի՞նչ վտանգ է ստեղծված: Մարդն առաջին օրը Հրապարակը թողնելով՝ գնաց Բաղրամյան 26, բոլոր իր քարտերը բացեց, այդ թվում՝ ԱԺ նոր ընտրություններին համաձայն լինելը: Իսկ դա նշանակում է, որ նշաձող սահմանեց, որից բարձր էլ իրեն ոչ ոք ոչինչ չի առաջարկելու: Եթե դիմացինդ ասում է, որ համաձայն է ԱԺ ընտրությունների, դո՛ւք լինեք Սերժը, դրանից բարձր բան հետագայում կառաջարկե՞ք: Սերժը մերժեց, որովհետև, ուզում էր ասել՝ տղա՛ ջան, մի օր միտինգ ես արել, մի կես գիշեր Հրապարակում մի 20 հոգով մնացել, եկել ինձնից սենց բանե՞ր ես պահանջում: Ես 10 մարդու գնդակահարությամբ իշխանություն եմ վերցրել, ուզում ես՝ քո մի օրվա միտինգով իշխանություն զիջե՞մ: Գնա տես՝ ի՞նչ ես անում: Եվ ամենածայրահեղ դեպքում, եթե իրոք ուժ ցուցադրես, քանի որ ասել ես, թե ԱԺ ընտրությունների ես համաձայն, դա էլ կարող ենք քեզ առաջարկել, այն էլ,  եթե պարզվի՝ դա ինձ էլ է ձեռնտու, որովհետև դու ասել ես, որ քեզ համար դա ընդունելի տարբերակ է: Բա դուք ի՞նչ՝ Սերժին էլ էիք հուրի-փերի պատկերացնո՞ւմ: Իսկ եթե ձեզ մոտ մեկը գար, ասեր՝ այսինչ բանը 10.000 դրամով ծախում եմ, ասեիք՝ չէ, ասեր՝ լավ, գոնե՝ 5000-ով, ասեիք՝ չէ, ասեր՝ լավ, 3000-ով, ասեիք՝ չէ, դրանից հետո եթե հանկարծ մտափոխվեիք, ի՞նչ գին կառաջարկեիք՝ 10.000 դրա՞մ, թե՞ 3000: Չէ՞ որ 3000-ի արդեն փաստացի համաձայնվել է վաճառողը, ուրեմն այդ ի՞նչ պիտի լինի, որ նորից 10-ով ծախի: Համաձայնեք, որ շատ ավելի բարդ է մի բան վաճառել 10-ով, եթե նախապես արդեն 3-ով համաձայնել ես վաճառել: Այդ մարդը 1996-ից ընտրակեղծիքների ռահվիրաներից լինի (որքան էլ դա դուր չգա Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դա այդպես է, ես մեղավոր չեմ, տեսեք, 1996-ն էլ հատուկ հիշատակում եմ, որ չասեք՝ չուզող լևոնական է), իսկ դու գնաս իրան ասես՝ իշխանությունը զիջի ինձ առանց լուրջ ճնշմա՞ն: Ձե՞ռ եք առնում էդ մարդուն: Հիմա ասում է, թե՝ դիակիս վրա (մարդ նույնիսկ չի ուզում կրկնել, որովհետև չեմ կարծում, թե նույնիսկ Սերժի հրաժարականը որևէ մեկի դիակ արժե, առավել ևս՝ Րաֆֆիի, որին, չնայած այդքան քննադատում եմ, բայց մարդկայնորեն ամենևին էլ բացասական չեմ վերաբերվում): Դիակը, մի կողմից՝ բացառում է որևէ կոմպրոմիս: Ի՞նչ կոմպրոմիս անդրաշխարհի հետ, որին է պատկանում դիակը՝ մահն այն միակ փաստն է, որի դեմ ոչ մի խաղ չկա: Բայց մյուս կողմից՝ դա բացառում է նաև ամեն ինչ, բացի կոմպրոմիսից, որովհետև, եթե նման բան ես հայտարարում, ուրեմն դիակից ցածր ցանկացած բան՝ կոմպրոմիս է, հասկանում եք չէ՞՝ ո՛ւր ենք հասնում: Էն, որ ասում են՝ «ուստա, ստեղ պահի իՇնենք», ա՛յ էդ կողմերն ենք հասնում: Հիմա ես միայն մի բան եմ ասում, Աստված տա, այդ մարդը կոմպրոմիսի ռեսուրս ունենա, որ մի տարբերակով դուրս գա այս իրավիճակից: Որքան հասկանում եմ, իշխանական որոշ շրջանակներ չեն բացառում Մաշտոցի պուրակի սցենարը՝ «Սիրուն չի, Րաֆֆի» կամ չգիտեմ՝ գուցե «Սիրուն չի, Վովա Գասպարյան» տարբերակով: Կամ ինչ-որ այլ տարբերակներ: Հա, ազգիս կեսը Րաֆֆիին կարող է պիտակավորել դրանից հետո, անուններ կպցնել, բայց մի հատ սկզբում տեսեք, թե այդ մարդն այս պահին ի՞նչ ռեսուրսներ ունի, հետո գլխից վերև բաներ պահանջեք: Անձամբ ես խոստանում եմ նման դեպքում Րաֆֆիին անձամբ չդատապարտել, այլ միայն նրա այն կողմնակիցներին, որոնք, կներեք, ք*-ի համը հանեցին, և «կրեածիվշչիկներին»: Չի կարելի մարդուց անիրական պահանջներ ունենալ, իսկ հետո պիտակավորել: Ի վերջո, անբարոյական է մարդուց բառացի պահանջել այն, ինչն ինքն ասել է՝ մահ: Իսկ եթե՝ ոչ մահ, ապա, ինչպես ասացի՝ ցանկացած այլ բան կոմպրոմիս է: Դրա համար էլ «Մահ կամ ազատություն» տիպի կարգախոսներն այդքան վտանգավոր են քաղաքականության մեջ և միայն ծայրահեղ դեպքերի համար են կիրառելի, ասենք՝ զինված ազատագրական պայքարում:

Իսկ ինչ վերաբերում է ելքին, ապա չզարմանաք պատասխանիս և չկարծեք, թե ձեռ եմ առնում: Աշխարհը մեծ է, և ելքն էլ մի փնտրեք ձեր շուրջը: Այսօր լուր եկավ, թե հաստատվել է, որ Մարսի վրա երբեմնի գոյություն ունեցած ջուրն իր բաղադրությամբ նման է կամ նույնական է Երկրագնդի վրա եղած ջրին: Իսկ դա նշանակում է, որ զուտ տեսականորեն, չի բացառվում, որ երբևէ նաև կյանք է եղել Մարսի վրա, թեկուզ շատ պարզունակ՝ միաբջիջ կյանք: Ահա թե որտեղ է ելքը՝ աստղերի մեջ, որոնց արտադրած նյութից բոլորս բաղկացած ենք: Մի քանի տրիլիոն տարի անց ավարտվելու է աստղերի ժամանակաշրջանը և սկսվելու է Տիեզերքի մեկ այլ՝ խավարի շրջան: Ուրեմն, քանի դեռ ապրում ենք աստղերի դաշաշրջանում՝ լույսի և տաքության մեջ, ուրախ լինենք և ամեն մի քաղաքական իրավիճակ աշխարհի վերջի հետ չշփոթենք: Պայքարենք այդ գիտակցությամբ և հանուն աստղերի:

168.am

ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախորդ հոդվածը‘Դրվագներ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ արգենտինահայերի հետ ունեցած առնչություններից ‘
Հաջորդ հոդվածը‘ՍԴ–ն ու ԵԺԿ–ն «խփեցին» Րաֆֆու տոկոսները’